ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա: Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ:
Որպես նախորդ ամիսներին զորքերում իրականացված միջոցառումների շարունակություն՝ Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ մակարդակով կատարվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ամսվա ընթացքում կատարված աշխատանքների և միջոցառումների արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: