ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանը զինկոմիսարիատում հաշվառված երիտասարդի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` 2016թ-ի ամառային զորակոչից 3 տարի ժամկետով տարկետում հատկացնելու համար, նրա մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 5.730.960 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Պահանջված գումարի մի մասը՝ 2.389.400 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը, ստացել է անձամբ՝ 2016թ.-ի հունիսի 1-ի երեկոյան, իր անձնական օգտագործման <<Կիա Սորենտո>> մակնիշի ավտոմեքենայի մեջ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդությունը ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է