Վրաստանի ՆԳՆ հետաքննություն է անցկացնում բացահայտելու Թբիլիսիի ռեստորաններից մեկում կիրակի երեկոյան տեղի ունեցած վեճի հանգամանքները, որի արդյունքում լրատվական միջոցների տեղեկատվությամբ տուժել են Միխեիլ Սաակաշվիլիի իշխող կուսակցության մի շարք ղեկավարներ:
Ինչպես հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը վեճը տեղի է ունեցել թբիլիսյան ռեստորաններից մեկում պատգամավորների և այլ հաճախորդների միջև, որի արդյունքում տուժել են մի քանի խորհրդականներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կիրակի օրը Վրաստանի ՆԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչությունը արդեն հարցաքննել է մի քանի ականատեսների և ռեստորանի անձնակազմին: Այնտեղ նաև նշվում է, որ իրավապահ մարմինները մտադրված են հարցաքննության ենթարկել նաև վեճին մասնակցած մի շարք պատգամավորների:
«Ականատեսները մանրամասն նկարագրում են ,որ վեճը տևել է 10-15 րոպե, որի ընթացքում ռեստորանի հաճախորդների մի մասը հեռացել են այդտեղից, որոնց թվում եղել է նաև «Ժողովրդական շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին և իր կինը: Ականատեսների տվյալներով ռեստորանում գտնվել են նաև խորհրդարանի այլ անդամներ, պատգամավորներ Գեորգի Վաշաձեն, Տինատին Բոկուչավան, Դավիդ Սավերիլիձեն, Սամիգրելո- Զեմո Սվանեթի նախկին նահանգապետ Զազա Գորոզիան և այլ քաղաքական դեմքեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ վրացական լրատվական միջոցները հայտնել էին, որ ռեստորանում է գտնվել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը մինչ վեճի սկսելը հեռացել է այնտեղից: Դեռևս «Միացյալ Ժողովրդական շարժման» ներկայացուցիչներից ոչ ոք չի մեկնաբանել տեղի ունեցածը: