«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունվարյան սառնամանիքին, երբ տեղացած ձյան պատճառով Երևանի փողոցներն անանցանելի էին դարձել, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընկել էր սառույցի վրա և կոտրել ոտքը։ Որջ մամուլն այն օրերին հեղեղվեց այդ պատահարի մասին լուրերով, գրվեց նաև, որ նա վիրահատվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Ինչ-որ ժամանակ նա աշխատում էր տնից, ապա ձեռնափայտով էր դուրս գալիս։ Երբ եկել է երկաթները հանելու ժամանակը, պարզվել է, որ ոտքը սխալ է կպել, և նոր վիրահատության կարիք կա։ Բնականաբար, ՀՀԿ փոխնախագահի «աչքը վախեցած» է, և նա որոշել է այս անգամ չվստահել իր հայ կոլեգաներին ու մեկնել է արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ Աշոտյանը Բելգիայում վիրահատության է ենթարկվել։
Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել հենց իրենից։ Նախկին նախարարը դեմ էր իր ոտքը կրկին «նյուզմեյքեր» դարձնելուն և հիշեցրեց, որ առողջական հարցերը բժշկական գաղտնիք են ենթադրում և անձնական կյանքի անձեռնմխելիություն։ Բայց հաստատեց, որ այժմ գտնվում է արտերկրում՝ Բելգիայում, արձակուրդն է վայելում, մեկ շաբաթից կվերադառնա և անպայման ցույց կտա ոտքը։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատժելու ոտքը սխալ բուժած բժշկին, միգուցե ՀՀԿ դպրո՞ց է ընդունելու, ինչին նա արձագանքեց. «Դպրոց ընդունվելը տենց հեշտ չի լինելու»։ Մենք էլ հիշեցնենք պարոն Աշոտյանին, որ ինքը հանրային անձ է, ՀՀԿ-ի՝ իշխող կուսակցության ղեկավար դեմքերից մեկը, և իր կյանքին առնչվող իրադարձությունները կարող են լինել հրապարակման առարկա՝ որքան էլ որ դա նրան հաճելի չլինի։ Թեև չենք կարծում, որ բուժման մեջ որևէ արատավոր բան կա, և մենք անձնական կյանքի տիրույթ ենք ներխուժել»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: