ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 15-ին հարցաքննության է հրավիրվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Ք.Մանուկյանը՝ դեպքի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու։ Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաև՝ «armlur» կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում։

Լրագրողական հետաքննական նյութը նախաքննական մարմինը դարձրել էր քննության առարկա և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը՝ պարզաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգով նա որպես վկա կարող է հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։

Պարզաբանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք»: Հիմք ընդունելով մամուլի հրապարակումները՝ նախաքննական մարմնի մոտ ողջամիտ կարծիք է ձևավորվել, որ նյութի հեղինակը հնարավոր է ունի տեղեկություններ դեպքի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար։

Նախաքննական մարմինը քաջածանոթ է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով երաշխավորված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սկզբունքին և որևէ պահանջ չի դրվել՝ բացահայտել կամ հրապարակել տեղեկատվության աղբյուրը, այլ հրավիրվել է հարցաքննության՝ իրեն հայտնի հանգամանքների շուրջ։ Ակնկալվում էր, որ հոդվածագիրը պետք է շահագրգռված լիներ իր իսկ հեղինակած նյութում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում և ցուցմունք կտար իրեն հայտնի փաստերի շուրջ (դրանց առկայության դեպքում)։