Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նոր մասունքարանի մեջ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման նախաձեռնող ու հովանավոր Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի անդամների հետ և Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասանց պահարանում պահվող Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող մասունքարանից հանվեց Սրբի ոսկորից մի փոքր հատված և սաղմոսների ու շարականների երգեցողության ներքո զետեղվեց նոր պատրաստված ճաճանչախաչ մասունքարանի մեջ:

Այսօր Սրբի մասունքը Մայր Աթոռից կփոխադրվի Աբովյան քաղաքում Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցի՝ ի քաջալերություն բարեպաշտ հավատացյալների հոգևոր կյանքի: Նույն օրն էլ տեղի կունենա եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: