Այսօր մեր առօրյան դժվար է պատկերացնել առանց էլեկտրոնային մամուլի, որի շնորհիվ մենք մշտապես տեղեկացված ենք հայաստանյան և աշխարհի անցուդարձին: Հետաքրքիր կլինի տեղեկանալ, որ Երևանում հրատարակված առաջին պարբերականը եղել է հայալեզու «Պսակ» թերթը, որը լույս է տեսել 1880-1884 թվականներին:
«Պսակ»-ը, որի անդրանիկ համարը թողարկվեց 1880-ի մարտի 15-ին, լույս էր տեսնում շաբաթը մեկ կամ երկու անգամ: Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր ճանաչված մտավորական Վասակ Պապաջանյանը (1847-1893)` իր գործին նվիրյալ անձ, որի ժողովրդավարական գաղափարները հիմք հանդիսացան հետագայում հրատարակվող երևանյան թերթերի համար։ Պապաջանյանը ծնվել էր Երևանում, ավարտել էր Թիֆլիսի դասական գիմնազիան, հետագայում ուսումը շարունակել Բոննի և Լայպցիգի համալսարաններում և ստացել դոկտորի աստիճան։
Ուշագրավ է «Պսակ» թերթի համարներից մեկում խմբագրի կողմից արված հետևյալ գրառումը. «Մեր ցանկությունն է, որ «Պսակ»-ը լինի բերան ժողովրդի, խոսի հասարակության հոգով, առանց կրքի պատմի շինականի և քաղաքացու ցավերը, նախանձախնդրությամբ հարվածի շահամոլներին, որոնք հասարակությանը կեղեքում են»։
«Պսակ» թերթն իր բովանդակությամբ բազմազան էր. լուրեր հասարակական կյանքից, հոդվածներ, նամակներ, ռեպլիկներ և այլ բազմապիսի թղթակցություններ, տպագրվում էին նաև գեղարվեստական գործեր ու գրախոսականներ: Թերթի համարձակ քաղաքացիական բովանդակությունը արժանացավ ցարական գրաքննադատության խիստ բացասական վերաբերմունքին, և 1884-ի ապրիլին այն փակվեց:
Նշենք, որ «Պսակ»-ը տպագրվում էր Էմին Տեր-Գրիգորյանի տպարանում, որը գտնվում էր Դոկտորական (ներկայիս Թումանյան) փողոցի վրա՝ այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում եղած Պողոս-Պետրոս եկեղեցու դիմացը:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: