Արդեն մի քանի ամիս է, ինչ Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության մի շարք տարածքային գրասենյակներում, մասնավորապես Նոյեմբերյանի տարածքային գրասենյակի կողմից կազմակերպվում է «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացաշարը.
Ծրագրի իրականացման գաղափարի, ձևաչափի, խմբերի ընտրության մասին ավելի մանրամասն տեղեկանալու նպատակով YN. am – ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) զրուցեց Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության Նոյեմբերյանի տարածքային ծրագրում իրականացվող ‹‹Հոգատարություն հանուն հավասարության›› դասընթացաշարի դասընթացավար Մարիամ Գիշյանի հետ, ով նշեց, որ. «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացաշարի իրականացման շարժառիթը պայմանավորված է Հայաստանում նորածինների սեռերի բարձր անհամամասնության ցուցանիշով (նորածինների սեռերի համամասնությունը համարվում է խախտված, երբ այն գերազանցում է 104-106 արական սեռի նորածինների կենսաբանական նորմը իգական սեռի 100 նորածնի դիմաց. Հայաստանում համամասնությունը հետևյալն է՝ 114 արական սեռի նորածնի դիմաց 100 իգական սեռի նորածին):
Այն հարցին, թե ինչո՞ւ հենց «Հոգատարություն հանուն հավասարության», Մարիամը նշում է. ‹‹Հոգատարություն հանուն հավասարության», քանի որ դասընթացաշարը կազմված է միմյանց հանդեպ հոգատարություն արմատավորելու միջոցառումներից, որոնք նպաստում են գենդերային հավասարության կարևորմանը: Խոսելով ծրագրի ընթացքի, տևողության և վերջնանպատակի մասին, նա հայտնեց, որ ծրագիրը բաղկացած է 14 վարժությունից, և խմբերում հանդիպումները տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ: Ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աղջիկ և տղա երեխաները կծնվեն և կարժևորվեն հավասարապես:
Մեր այն հարցին, թե թեմաների ընտրությունն ինչպե՞ս է կատարվում՝ մասնակից երիտասարդների ցանկությամբ, թե արդեն մշակված հստակ կանոնակարգով՝ սահմանված յուրաքանչյուր հանդիպման համար, Մարիամը պատասխանեց այսպես.
- Այս դասընթացը ոչ ֆորմալ կրթության ձև է, որտեղ թեմայի մատուցումը նաև տարբեր խաղերի տեսքով է, ինչը շատ հետաքրքիր է: Ինչպես նշեցիք, հանդիպումներն ընթանում են յուրաքանչյուր հանդիպման համար մշակված կանոնակարգով, սակայն մասանկիցներն ազատ են քննարկվող թեմաների (գենդեր, իշխանության դինամիկա, խնամատարություն, համատեղ ընտանեկան որոշումների կայացում, գենդերային բռնության կանխարգելում ) շուրջ առաջարկություններ անելու մեջ: Այս պահին առկա է երիտասարդների երկու, իսկ ծնողների մեկ խումբ:
Նրա հավաստմամբ առաջիկայում ևս նախատեսվում է կազմել երիտասարդների և ծնողների նոր խմբեր, և ցանկացողները կարող են միանալ խմբին:
Հավելենք, որ դասընթացին կարող է մասնակցել ցանկություն հայտնող 18-28 տարեկան ցանկացած երիտասարդ, ով բնակվում է ‹‹Վորլդ Վիժն›› Նոյեմբերյան տարածքային զարգացման ծրագրի թիրախ բնակավայրում, կամ այն ծնողները, ում երեխան ներառված է Նոյեմբերյանի տարածքային ծրագրում:
Պատրաստեց՝ Ռուզաննա Աղաբաբյանը: