Շնորհավորում եմ սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին!

Այսօր Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն դատարանը վճիռ կայացրեց, որից կարող եք որպես նախադեպային օգտվել բոլորդ, եթե որևէ մեկի մտքով անցնի Ֆեյսբուքում ձեր գրած մեկնաբանության համար ձեզ դատի տալ:

Եթե հիշում եք, մարդ սպանելու համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը իմ դեմ դատական հայց էր ներկայացրել` գրածս մեկնաբանության համար: Հայցը մերժվեց:
Առաջին ամգամն էր, որ մարդուն դատի էին տալիս Ֆեյսբուքում ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ համար: Շատ մտահոգ էի, որ եթե հայցը բավարարվի, ապա սոցցանցերում անմիջական շփմանը, կարծիքների ազատ փոխանակմանը մեծ հարված կհասցվի: Արդյոք սոցցանցային քննարկման մասնակիցը պարտավոր է ստուգել տեղեկատվությունը? Արդյոք սոցցանցերը պատասխանատվության առումով կարելի է հավասարեցնել լրատվամիջոցներին? Արդյոք դա չէր խրախուսի կեղծ էջեր բացելուն ու այդպես ցանկացածը գրելուն? Արդյոք դա չէր դառնա սկիզբ, որ դատի տային մեծ թվով մարդկանց, հատկապես ընդդիմադիրներին, որոնց համար սոցցանցերը գրեթե միակ հարթակն են` հույզերը, դժգոհությունները ԱՌԱՆՑ ԿԱՇԿԱՆԴՎԵԼՈՒ արտահայտելու համար? Ու էլի շատ հարցեր կային, որոնք մտահոգում էին ինձ` բլոգերին, ում միակ լծակը եղել է և կա սոցցանցային գրառումը ...Ինչ-որ առումով ուրախ եմ, որ հենց ինձ վիճարկվեց նաև ձեր ազատ շփման երաշխավորը դառնալը:
Տարակուսանք էր առաջացնում, որ այդ հնարավոր` խոսքի ազատությունը սահմանափակող նախադեպը ուզում էր ստեղծել մի մարդ, ով լայնորեն օգտվում է այդ ազատությունից և բանտից հնարավորություն ունի պարբերաբար հանդես գալ լրատվական կայքում իր հոդվածներով... Էլ չասած, որ իր "պաշտպանների" մեծ մասը նույնպես կարող էին հետագայում դատվել:

Հորդորում եմ բոլորին չդիմել դատարան սոցցանցում հանդիպած այս կամ այն բառի համար: Թողեք, որ այս հարթակը մնա ազատ: Չէ որ դուք տեղում արձագանքելու հնարավորություն ունեք?

Շնորհակալություն եմ հայտնում դատավոր Ռուբեն Բունիաթյանին` սոցցանցային շփման մշակույթին հարվածող, խոսքի ազատությունը կաշկանդող, իրական դեմքով հանդես գալու փոխարեն կեղծ էջերով հանդես գալը խրախուսող այս հայցը մերժելու համար, փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանին և Անժի Աբելյանին և բոլոր լրագրողներին ու հետաքրքրված անձանց:

Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից: