Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացումը որոշակի հետևանքներ է ունենալու դեպի Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող ընկերությունների վրա:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ թերթի տեղեկություններով՝ կարող են ի չիք դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղողի արտահանումներին: Պարբերականի տեղեկություններով, արտահանող ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին ռուսական կողմի հետ խաղողի արտահանումների ծավալները կտրուկ մեծացնելու վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ մինչև պատժամիջոցները Թուրքիան հսկայական քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան, և եթե պատժամիջոցները մնային, ապա հայկական խաղողի համար մեծ հեռանկարներ կբացվեին:

Եթե, օրինակ, անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանվել էր մոտ 5 հազար տոննա խաղող, ապա այս տարվա աշնանն այդ ցուցանիշը կարող էր աճել երկուսից մինչև երեք անգամ: Բայց դրա համար պետք էր, որ պատժամիջոցները շարունակվեին:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: