Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Հաշվի առնելով Նախագծի կարևոր նշանակությունը գործարարների շահերի և, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունը վերաբերում է հարկային օրենսդրության ոլորտում առկա վիճակին, Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների գործընթացին, դրա վերաբերյալ հանրության և մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին, ինչպես նաև ներկայացվել են կոնկրետ առաջարկներ այդ գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Նշվածից բացի, ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաև Նախագծի կոնկրետ կարգավորումներին, որոնց վերաբերյալ հիմնական նկատառումները հետևյալն են.

· Նախագծով առաջարկվում է ավելացնել 120001-1000000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26-ից դարձնելով 28%: Այսկերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, և, արդյունքում, բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթևանում է, այլ ընդհակառակը՝ ավելանում:

· Նախագիծը սահմանում է, որ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, ում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարը չի գերազանցել 40 մլն. ՀՀ դրամը (...): Սահմանված 40 մլն. ՀՀ դրամը գերազանցելու դեպքում առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Առաջարկում ենք վերանայել շրջանառության հարկի կիրառման Նախագծով առաջարկվող շեմի իջեցումը, քանի որ Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչև 2014 թվականը գործող օրենսդրության համատեքստում:

• Նախագծի համաձայն՝ հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված հիմքերով և կարգով: Այնինչ,Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են մի շարք համանման իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն:Առաջարկում ենք հարկային իրավախախտման համար հարկ վճարողների կամ հարկային գործակալների հարկային պատասխանատվությունը սահմանել այնպես, որ բացառվի հարկային և վարչական պատասխանատվության ենթակա որևէ իրավասուբյեկտի՝ իր իրավական կարգավիճակով պայմանավորված հանգամանքներով կրկնակի պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը: