ՀՀ-ում գործող «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում հուլիսի 20-ից հաճախորդների համար «անակնկալ» է սպասվում: Ճիշտ է՝ անակնկալն այնքան էլ հաճելի չէ: Սուպերմարկետների ցանցի տնօրինությունը որոշում է կայացրել խանութի սպասարկման տոպրակները դարձնել վճարովի: Այս մասին YN.am ( Երևան Նյուզ լրատվական կայք - Yerevan News ) տեղեկացավ այցելելով ցանցի Էրեբունիում գտնվող մասնաճյուղ:
Ըստ սուպերմարկետի ներսում փակցված հայտարարության, մեկ տոպրակի արժեքը հուլիսի 20-ից կլինի 20 դրամ:
Ինչպես հայտնի է, տարբեր տեսակի ապրանքներ գնելիս տրամադրվում են մի քանի տոպրակներ: Այսինքն, եթե դուք գնել 5 տեսակի ապրանք (ենթադրենք՝ սննդամթերք, կենցաղային և հիգիենայի ապրանքներ), որոնք չեն կարող լինել միևնույն տոպրակի մեջ, ապա պետք է վճարեք հավելյալ 100 դրամ:
Նշենք, որ հայտարարության մեջ ասվում է նաև՝ «Դրա փոխարեն բավականին ապրանքներ մեր խանութներում կվաճառվեն ավելի ցածր գներով»: Սակայն, հարց է առաջանում՝ ինչպես է պատրաստվում սուպերմարկետի տնօրինությունը կազմակերպել և իրականացնել այս գործընթացը:
Միանշանակ, հնարավոր չի լինի այս գործընթացը դարձնել լիովին թափանցիկ և տեսանելի հաճախորդների համար: Մասնավորապես այն դեպքում, երբ «Նոր Զովք»-ում «կասկածելի» ակցիաներն ու զեղչերը, առանց այն էլ, հաճախակի բնույթ են կրում: Այսպիսով, սուպերմարկետների ցանցը նման եղանակով նպատակ ունի հավելյալ շահույթ ստանալու: Անհրաժեշտություն կա պարզելու նաև, թե այս «փոխզիջումն» իրականում օրինական է թե՞ ոչ:
Կոչ ենք անում համապատասխան պետական կառույցներին ուշադրություն դարձնել հայտարարությանը և տվյալ հրապարակմանը՝ դեպքի մանրամասները պարզելու համար: