Եվրոպական հայտնի «Սե Ցե Սե դիզայն» ընկերությունների խմբի սեփականատեր Ալեքսանդր Բոյցը կրկին Հայաստանում է: Կոշիկ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, խոսվել է վերջին ամիսներին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների մասին:
Գագիկ Ծառուկյանը հայ գործարարներին հայտնել է, որ անձամբ է վերահսկում կատարվող ամբողջ աշխատանքի ընթացքը: Նրա տեղեկացմամբ՝ վերջերս Եվրոպա ուղարկված հայկական կոշիկի առաջին խմբաքանակն արտասահմանյան խոշոր ընկերությունների մոտ լուրջ հետաքրքություն է առաջացրել:
«Մեծամասշտաբ աշխատանք է կատարվում: Ես տեսնում եմ այն դժվարությունները, որոնք դուք ունենում եք ապրանքների իրացման և նոր շուկաներ գտնելու գործում: Տնտեսական ճգնաժամի պայմաններում կյանքը ստիպում է նոր լուծումներ գտնել և իմ նպատակն այս դժվարին պահին ձեզ օգտակար լինելն է: Կան բոլոր նախադրյալներն՝ ամիսներ առաջ ծնված նախաձեռնությունը մինչև վերջ կյանքի կոչելու համար»,-ասել է նա: