Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով: Հուլիսի 12-ի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ընթացքում նիստը նախագահող դատավորը ընթերցեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի կողմից հուլիսի 8-ին ներկայացրած միջնորդության որոշումը:
Միջնորդությանը միացել էին նաև մյուս փաստաբանները: Ինչպես որոշման մեջ նշված էր՝ տվյալ ինքնաբացարկի համար բավարար հիմքեր չկան: Հիմքերը բավարար չեն նաև ապացուցելու համար, որ դատավորը կաշկանդված է՝ ինչպես նշված էր միջնորդության մեջ: Ի դեպ, այս դատը անցավ միայն Պերմյակովի, լրագրողների ու իրավապահ մարմինների ներկայությամբ:
Դատական նիստին ներկա չէին դատապաշտպանը, դատախազը, Ավետիսյանների իրավահաջորդները և իրավահաջորդների շահերի պաշտպանները: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00 ի սահմաններում նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող- ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):