Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: Տվյալ տարածքում այս պահին մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանների։

Ինչպես տեղեկացնում է Փաշինյանը, բաժնում են գտնվում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ու ևս 7-8 ոստիկաններ: Ոստիկանության աշխատակիցները զինաթափված են, «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները զինված: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից մեկը հրազենային վիրավորում ունի, արյուն է կորցրել: Մեկ ոստիկանի հնարավորություն է տրվել շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

«Նրա ճնշումը բարձր էր, և երբ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները համոզվեցին դրանում, թույլ տվեցին տեղափոխել հիվանդանոց», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը պնդում է, որ ինքը բաժնում է գտնվել առավոտյան 9.30-ի սահմաններում, այդ պահին իրավիճակը հանգիստ է եղել: Իսկ մինչ այդ, ինչպես նրան փոխանցել է Վալերի Օսիպյանը, իրավիճակը լարված է եղել:

Փաշինյանի հաշվարկներով, ներսում կա մոտ 25 մարդ։