«Գրոհայինների» ճակատագիրը մարդկանց անհանգստացնում է գրոհի մասին առաջին իսկ լուրերն ստանալուն պես։ Ինչ է լինելու ՀԽ անդամների հետ։ Ինչ է նշանակում ապստամբների «դիմադրելու ենք մինչև վերջ»–ը։ Պաշտոնապես հայտնի է, որ նրանց հետ բանակցում են, և որ ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել, սակայն հանցակազմը չի նշվում՝ հավանաբար, բանակցություններին չվնասելու նպատակով։ Իրավական ի՞նչ երաշխիքներ կարող է իշխանությունը տալ ապստամբներին։ Հարցի շուրջ զրուցեցինք հայտնի փաստաբանների և իրավագետների հետ։
Արտակ Զեյնալյան. «Ընդունվելիք որոշումը պետք է հավանության արժանանա հանրության կողմից»
«Սովորաբար. բանակցություններն իրենց տրամաբանությունն ունեն։ Դրանց ընթացքում օգտագործվում են նաև հնարքներ, որոնց բացահայտումը չի նպաստում բանակցությունների արդյունքներին, ուստի բանակցությունների բուն պրոցեսը գաղտնի պահելն իրավաչափ է»,– կարծում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
- Կա՞ իրավական ճանապարհ՝ մեղմելու ապստամբներին օրենքով սպառնացող պատիժը։
- Իրավական առումով՝ այո։ Կարող են իրավիճակի փոփոխման հիմքով նրանց քրեական պատասխանատվության չենթարկել։ Քանի որ մարդկային զոհեր կան, ինչ-որ մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Օրինակ, գրոհելու հրաման տվող անձնավորությունը կամ, ասենք, դիպուկահարը, որը որ վիրավորել է, տարբեր բաներ կարող են լինել։ Իհարկե, ընդունվելիք որոշումը պետք է հավանության արժանանա հանրության կողմից։
- Իսկ այս փուլում հնարավոր է ինչ-որ երաշխիքներ տալ ապստամբներին։
- Բոլոր դեպքերում, երաշխիքներն իրավական հիմք չեն ունենալու։ Դրանք լինելու են ջենթլմենական պայմանավորվածությամբ, և գիտեք, թե ջենթլմենական պայմանավորվածությունն ինչպես են պահում։
Հովիկ Արսենյան. «Պատասխանատվություն մեղմելը բացառվում է»
«Իշխանությունը ոչինչ չի կարող խոստանալ, բացի մի բանից՝ երաշխավորում ենք ձեր ապրելու իրավունքը»,– ասում է փաստաբան Հովիկ Արսենյանը։
- Բերդում ապրելու իրավունքի՞ մասին է խոսքը։
- Այո, իրավական գնահատականն այնպիսին է, որ այլ երաշխիքներ բացառվում են։
- 2004 թվականի ապրիլի 12-ին էլ կային ապստամբներ, անկարգությունների մասնակիցներ, բռնված, և բոլորին բաց թողեցին։
- Դա ուրիշ էր։ Այն ժամանակ ինձ էլ բաց թողեցին։ Համեմատություն չի կարող լինել։ Այստեղ զոհ կա։ Ամբողջ ցավն այն է, որ նայում են մեդալի մի կողմը միայն։ Նախկին ԱԺՄ-ականները, Արշակ Սադոյանը հիմա ոգևորվել են՝ ահաբեկչություն, պետության դեմ են գնում։ Ինչ է, էն ժամանակ պետություն չէ՞ր։ Հարգելի պետություն, դուք նայեք՝ հանցագործության շարժառիթները ծնող պայմաններն ու պատճառները որո՞նք են։ Սա հղի է զանգվածային անկարգություններով, անկայունությամբ։ Շատերն այնքան ինքնագիտակցություն ունեն, որ, վաղվա օրվան չհավատալով, ինչքը վաճառում են ու հեռանում եմ։ Ոմանք էլ ասում են՝ չի կարող այսպես շարունակվել, ու գնում են ծայրահեղ քայլերի։ Պայմաններն են դրդում։
- Եթե շարժառիթները նայենք, պատճառները կամ, թե ինչն է դրդել հանցագործության, ուրեմն, չկա հանցանք։
- Գլոբալ առումով՝ ես չեմ մեղադրում։ Այսօր արտաքին քաղաքական վիճակը շատ հեղհեղուկ է, անկանխատեսելի, և հիմա էլ ներքին կառավարման մեջ այդպիսի իրավիճակ ստեղծվեց։ Ձեր կարծիքով, հումանիզմից ելնելո՞վ չեն գրոհում տղաների վրա։
- Այնտեղ պատանդներ կան՝ դրա համար։
- Հետևանքների մասին են մտածում, անկանխատեսելի կլինի հանրության վերաբերմունքը։ Ներքին անվտանգության ռեսուրսն սպառվում է։ Ինչո՞ւ հենց առաջին, երկրորդ ժամին գրոհը չեղավ։ Հետևանքների համար են անհանգստացած
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: