Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձևերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախված երկրի հետագա ընթացքը: Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը` անհատ, թե հասարակական-քաղաքական խմբավորում պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ:
Ոստիկանական զորամասի գրավումից ժամեր անց, երբ դեռ հայտնի չէր, որ գնդապետ է զոհվել, ՀՅ Դաշնակցությունը արտահայտել է իր դիրքորոշումը` այո, անհրաժեշտ են որակական փոփոխություններ, բայց ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները:
Զենքով, բռնությամբ, պատանդներով և ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները: Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը:
Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը: Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին: Ելք կա: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետևողական պայքար մեզ թուլացնող բոլոր երևույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են: Հայհոյանքը, թշնամանքը, ատելությունը, բռնությունը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից հետո ստեղծված մեր աներևակայելի համազգային համախումբը այսօր լրջորեն վտանգված է: Ճշմարտությունը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատվություն է ու անողնաշարություն:
Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին: ՀՅ Դաշնակցությունը ձգտում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը: Մենք կարող ենք և ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտավոր ենք ձևավորել և նոր որակի իշխանություն:
Այդ ճանապարհը մենք անցնելու ենք այս արժեքներով ու գիտակցությամբ առաջնորդվող հասարակության լայն շրջանակների հետ։
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմին