Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Նետենի այցը մեր երկիր կամրապնդի Դատական կատարողների միջազգային միության և ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջև հարաբերություններն ու կնպաստի համագործակցության հետագա զարգացմանը: Ընդգծելով, որ երկարամյա գործունեության ընթացքում Դատական կատարողների միջազգային միությունը պատկառելի փորձ և գիտելիք է կուտակել՝ Սերժ Սարգսյանը կարևորել է փորձի փոխանակումն ու միության ջանքերը՝ մասնագիտական վերապատրաստումներին աջակցելու գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավական, հետևողականորեն բարեփոխումներ է իրականացնում, ուստի հետաքրքրված է նաև Դատական կատարողների միջազգային միության աշխատանքով՝ ուղղված հարկադիր կատարման համակարգում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրմանը:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության և միության աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նշելով, որ իր դիտարկմամբ ՀՀ ԴԱՀԿ-ը գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն որոշակի հաջողությունների է հասել, Լեո Նետենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ծառայության հետ և հնարավորինս օժանդակելու բոլոր այն մասնագիտական հարցերում, որի կարիքը կունենա ՀՀ ԴԱՀԿ-ը: