Այսօր «Սասնա ծռեր» համակարգող խմբի անդամ, քաղաքագետ Ալբերտ Բաղդասարյանն Խորենացի փողոցում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «Սասնա ծռեր»-ի պայքարը վերածվում է քաղաքացիական անհնազանդության շարժման, որի շրջանակներում իրացվելու են սահմանադրության տրված բոլոր իրավունքները:
«Խաղաղ երթեր, ցույցեր, պիկետներ, քաղաքի տարբեր մասերում անհնազանդության գործողություններ են լինելու, պետական պաշտոնյաներից պատասխան պահանջելն է, փողոցները փակելը, բոլոր էն քայլերը, որոնք իշխանությանը կստիպեն գալ քաղաքացիական դաշտ և քաղաքական լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք ոչ թե «Սասնա ծռերի» պահանջն են, այլ բոլոր քաղաքացիներիս, կամ գոնե քաղաքացիների՝ իշխանությունից չօգտվողների պահանջն է: Տղաներն ուղղակի այդ պահանջը խտացրել են և այս ցցուն քայլով ցույց են տվել, որ այլ ելք չկա, կդիմենք սրան»,-ասաց Ալբերտ Բաղդասարյանը:
Նշենք, որ այսօր ֆեյսբուքում օգտատերերը տարածում են մի հայտարարություն, որում ասված է հետևյալը. «Այսօր ժամը 20:00-ին Խորենացի փողոցում սկսվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, եթե վարչախումբը մինչև երեկո չի կարգավորում տղաների սննդի, դեղորայքի, էլեկտրամատակարարման և բժշկական սպասարկման հարցերը: Երեկոյան ութին Խորենացի, այնտեղից՝ դեպի անհնազանդության վայր»: