Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով երրորդ դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:
Դատական նիստի ընթացքում ներկայացվեց գործին կից փաստաթղթերի հետազոտումը, որի ընթացքում ընթերցվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած փաստաթուղթը, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան վերաբերյալ:
Դատարանը ներկայացրեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ներկայացրած Էպիկրիզը, որը ստորագրված է ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի անունով:
Ըստ այդ էպիկրիզի` Մերի Մարգարյանը հիվանդանոց է ընդունվել հուլիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հետազոտությունները եղել են նորմայի սահմաններում, Մերի Մարգարյանը գանգատվել է բարձր ջերմությունից, հիվանդանոց ներկայանալուն նախորդող երկու օրերի ընթացքում ընդունել է տարբեր հեղուկներ և պարացետամոլ:
Ամբաստանյալը հաստատեց, որ էպիկրիզն ինքն է գրել և ժամանակի սղության պատճառով կարճ է ներկայացրել վիճակը:
Դատարանը ներկայացրեց նաև դիակների փորձաքննության արդյունքները: Ըստ բժշկական փաստաթղթերի` Մերի Մարգարյանի մահը վրա է հասել 29.07.2015 թվականի՝, ժամը 08:40-ին, որը չի հակասում փորձաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներին:
Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է 35-36 շաբաթական հղիության ընթացքում ուղեկցված անեմիայով և սակավաջրությամբ զարգացած սուր շնչառական վարակով, հիպերտոնիկ սինդրոմով, թոքաբորբով և այլ համախտանիշներով:
Փորձաքննության եզրակացության համաձայն` Մերի Մարգարյանի իգական սեռի նորածնի մահը վրա է հասել 30.07.2015-ին՝ ժամը 12:10-ին: Նորածնի մահվան պատճառ է հանդիսացել թոքերի և գլխուղեղի այտուցը և այլ համախտանիշներ:
Դատաբժշկական փորձաքննությանը կից ներկայացված էր նաև լուսանկարչական հավելված:


