«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանի հետ:

Տիկին Սեֆիլյան, «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների հետ կապ պահո՞ւմ եք: Կա՞ն հետապնդումներ նրանց ընտանիքների նկատմամբ:

Ես գիտեմ, որ Վարուժանենց տուն էին գնացել, մյուսներին չգիտեմ: Հոգեպես պարզ է, որ բոլորն էլ վատ վիճակում են:

Ձեզ թույլ տալի՞ս են տեսակցել Սեֆիլյանի հետ:

Ոչ, արգելանք կա տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա: Փաստաբանի միջոցով ենք տեղեկանում՝ ինչպես է: Գիտենք, որ լավ է, դուխը շատ բարձր է:

Ի՞նչ է մտածում նա տեղի ունեցողի մասին: Ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում:

Չգիտեմ, էդպիսի հարցեր փաստաբանի միջոցով մենք չենք քննարկում:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդություն էր իրականացնում «Սասնա ծռերի» և Սերժ Սարգսյանի բանակցություններում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը Բալասանյանի միջնորդության վերաբերյալ:

Թող այս ամենը ավարտվի՝ տեսնենք ինչպես է ինքը փորձել հանգուցալուծել այս ամենը, կտեսնենք Բալասանյանի արածը: Սպասում եմ՝ տեսնեմ ինչ է դուրս գալու:

Իսկ դուք ի՞նչ եք սպասում տեսնել:

Ճիշտն ասած ոչ մի բան չեմ ակնկալում: Ոչ մի լավ վերաբերմունք չեմ ակնկալում էս իշխանություններից: Էս բոլոր ծեծերը, ջարդերը ցույց են տալիս, որ եթե մարդ բարի կամքի դրսևորում ունենար, էդպես չէր վարվի այդ մարդկանց հետ, որ ընդհանրապես կապ էլ չունեն «Սասնա ծռերի» հետ: Ոստիկանությունն օրենք խախտելով ամեն ինչ անում է: Եթե ոստիկանն օրենք չի հարգում, թող չակնկալի, որ ցուցարարը կարող է օրենք հարգել:

Ձեր նկատմամբ կա՞ հետապնդում, երեխաների անվտանգության հետ կապված խնդիր առաջանո՞ւմ է:

Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ գնացել ցույցերին, դրա համար չեմ զգացել իմ նկատմամբ որևէ հետապնդում: Ամեն դեպքում ուշադիր ենք երեխաների նկատմամբ:

«Սասնա ծռերի» գործունեությանը ինչպե՞ս եք վերաբերում: Հաջողվե՞ց ըստ ձեզ իրականացնել այն, ինչ նրանք ծրագրել էին, թե՞ սխալներ թույլ տրվեցին:

Ես կարող եմ մեկնաբանություն տալ, եթե իմանամ իրենք ինչ էին դրել իրենց մտքին:

Հայտնի է, որ 3 պահանջ ունեին, որոնցից որևէ մեկի իրականացմանը չհաջողվեց հասնել:

Չէ, չի հաջողվել ոչ մի բան: Ինձ թվում է՝ նրանց արածը ուղղակի հոգու ճիչ էր, որ այդպես արտահայտվեց: Կարևորը, որ այդ հոգու ճիչը կարողացան հայտնի դարձնել բոլորին: Հայաստանի մասշտաբով ամեն մարդ իմացավ, թե ինչ էր տեղի ունենում, և ինչու էր տեղի ունենում: Ես կարծում եմ՝ մեծ նվաճում էր այն, որ այս օպերացիայից հետո էդքան մեծաքանակ ժողովուրդ հավաքվեց հրապարակում:

Իսկ ի՞նչ եք կարծում, սկսված հրապարակային պայքարը շարունակություն կունենա՞:

Դե, նայած ինչ ընթացք կստանա, ով կղեկավարի: Մարդ չկա, որ այլևս ղեկավարի, ով բեմ է բարձրանում՝ բռնում տանում են:

Բայց «Սասնա ծռերն» ասում են, որ չեն ուզում միանձնյա ղեկավար լինի:

Մի ղեկավար թող չլինի, թող լինի ղեկավարների խումբ, որ եթե մեկին տանեն, մյուսները կարողանան շարունակել պայքարը:

Դուք տեսնո՞ւմ եք այն մարդկանց, որ կարող են առաջ տանել:

Ոչ, չեմ տեսնում:

Հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազը, աշխատանքից ազատվեց նաև ԱԱԾ քննչական վարչության պետը: Ի՞նչ եք կարծում՝ կապ ունե՞ն այս ազատումները «Սասնա ծռեր» խմբի հետ:

Ակնհայտ է, որ իրարանցում կա իրենց մեջ, բուրգը փլվում է: Այո պիտի փլվի, անպայման մի օր փլվելու է: Շատ հեռու չէ այդ օրը: Ես այդպես եմ կարծում»:

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: