«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երբ առավոտյան ձեր երեխային ուղարկում եք մանկապարտեզ, ստույգ ճշտեք մանկապարտեզի համարը: Եթե դա թիվ 126 մանկապարտեզն է, ձեր երեխան կդաստիարակվի այնտեղ Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով… Սա իմ երեխայի միայն մի ձեռքն է… Դայակը պնդում է, որ պատժել է երեխային ուղղակի նրան քնքուշ տեղափոխելով, որի արդյունքում ունենք կապտուկներ, եղունգների հետքեր… Հարգելիներս, երբ արդարությունը լռում է, չարությունը շատանում է…». սա ֆեյսբուքյան` Nara David անունով օգտատիրոջ գրառումն է, որին զուգահեռ նա հրապարակել է երեխայի կապտուկներով ձեռքի լուսանկարը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող այս մանկապարտեզում այսօր մեզ հնարավորություն չտրվեց զրուցել նշված դայակի ու խմբի դաստիարակի հետ: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը, աշխատակիցների զանգից հետո հեռախոսով մեզ փոխանցեց, որ աշխատանքային ժամ է և դայակն ու դաստիարակը չեն կարող շեղվելով` անուշադրության մատնելով երեխաներին: Մինչ այդ, նախակրթական այս հաստատության աշխատակիցները վստահեցնում էին, որ վաստակաշատ դայակը կոպիտ չի վերաբերվել երեխայի հետ ու չի վնասել նրան: Պնդում էին, որ վիճաբանությունը ծագել է խմբի երկու սաների միջև, ըստ այդմ` ֆեյսբուքյան գրառման հեղինակի որդին հարվածել է իրենից մեկ տարով մեծ մի երեխայի, վերջինս էլ նրան է պատասխանել, ինչի հետևանքով ձեռքի վրա առաջացել են կապտուկներ:
Նշում էին, որ բողոքող ծնողի երեխան ընդամենը մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է թիվ 126 մանկապարտեզ: Այստեղ վստահեցնում էին, թե նախորդ հաստատության դեպքում էլ նույնատիպ խնդիրներ էին առաջացել, և այս ծնողը սիրում է աղմուկով հեռանալ: Հիմնավորում էին, որ կոնֆլիկտը նրան հարկավոր է` հաջորդ մանկապարտեզում տեղափոխությունը պատճառաբանելու համար, որպեսզի նաև ստիպված չլինի հերթագրել երեխային ու անորոշ ժամանակով սպասել հերթը հասնելուն: Իսկ թե ինչու պետք է ծնողը ցանկանա երեխային անընդհատ մի մանկապարտեզից մյուսը տեղափոխել, մեզ հետ զրուցող աշխատակիցները կարծիք էին հայտնում, որ ընտանիքն ապրում է վարձով:
Թիվ 126 մանկապարտեզում մեր այցից ժամեր անց հանդիպում էր նախատեսված ծնողների, վարչական շրջանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Տնօրեն Լենա Լևոնյանը գտնվում էր արձակուրդում: Հանդիպման ավարտից հետո Երևանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը փոխանցեց, որ դրան մասնակցել են միայն ծնողները, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը և քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչը, իսկ դայակներն ու դաստիարակները ներկա չեն գտնվել, որպեսզի խոսակցությունը լինի անկեղծ ու առանց կաշկանդվելու: Գևորգյանը նույնպես նշեց, թե ոլորտի պատասխանատուները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզի երկու սաների միջև ու որ դայակը միայն փորձել է բաժանել և սաստել նրանց: Գևորգյանի փոխանցմամբ, ծնողներից մեկը հայտարարել է, որ բողոքող ծնողի երեխայի ձեռքի կապտուկներն առաջացրել է իր տղան` նրա թևից քաշելով և որ դայակը դրա հետ կապ չունի:
«Բոլոր ծնողները կազմել են արձանագրություն, ստորագրել են, ասել են, որ պատրաստ են ցանկացած տեղում ներկայացնել սա, որովհետև իրականությունը սա է: Ընդ որում, տվյալ երեխայի ծնողը թեև հրավիրված է եղել, չգիտես ինչու, չի մասնակցել այդ ժողովին, և բոլոր ծնողները նաև դրանից են վրդովվել, թե ինչու նա, երբ որ նման հարց է առաջ քաշում, ինքը չի ներկայանում»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետը: Ինչ վերաբերում է հարցին` դայակը կարգապահական տույժ կստանա, թե չէ, դա կորոշի վարչական շրջանի ղեկավարը, երբ խնդիրը հանգամանորեն ներկայացվի նրան:
Արթուր Գևորգյանը վստահեցրեց, թե այս մանկապարտեզի վերաբերյալ նախկինում երբևէ բողոքներ չեն ստացվել: Մեկ այլ ծնող, սակայն, վերոնշյալ գրառման տակ թողած մեկնաբանության մեջ հայտարարել էր, որ նույնատիպ մի դեպք եղել է իր երեխայի հետ, նա էլ կապտուկներով է տուն գնացել, իսկ երբ ինքը դիմել է քաղաքապետարան, այնտեղից պատասխանել են, թե ձեր խնդիրը լուծեք դաստիարակի հետ: Սրան արձագանքելով` Գևորգյանը պատասխանեց. «Ես այդ գրառումները կարդացել եմ, բայց ձեր թերթի միջոցով կխնդրեմ տվյալ գրառում կատարողին` գալ Երևանի քաղաքապետարան և անձամբ մեկ անգամ ևս փորձել փաստարկված ներկայացնել, որ ինքը ինչ-որ ժամանակ նմանատիպ հարցով դիմել է, որովհետև Երևանի քաղաքապետարան հնչած յուրաքանչյուր ահազանգ, կլինի դա թեժ գծով, կլինի դա քաղաքացու դիմումի տեսքով, ես սա ամենայն պատասխանատվությամբ և պաշտոնապես հայտարարում եմ, անմիջապես է ընթացք տրվում, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաներին»:
Հ.Գ. Նշենք, որ Nara David ֆեյսբուքյան ոչ կեղծ օգտատիրոջը նամակով առաջարկել ենք հարցազրուց տալ բարձրաձայնած խնդրի վերաբերյալ, սակայն տուժած երեխայի ծնողը դրան չի արձագանքել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: