Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, ինչպես նաև Աշոտ Կարապետյանը ենթարկվել էին կարգապահական տույժերի:
Մասնավորապես, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն էր հայտարարվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին: