Արդեն մի քանի ամիս է, որ Երևանի Դավթաշեն համայնքի Տիգրան Պետրոսյան փողոցի 35/2 շենքերի դիմացի կանաչ, գեղեցիկ, խնամված գազոնի վրա 24.05.2016թ. քաղաքապետարանի կողմից առևտրի օբյեկտ կառուցելու թույլտվություն է ստացել տիկին Ժենյա Հարությունյանը, ով աջ ու ձախ հայտարարում է, որ այս կերպ քաղաքապետարանը հատուցում է իր զոհված ամուսնու և տղայի կյանքի դիմաց և չի մոռանում շեշտել, որ մի փեշ փող է թափել այդ թույտվությունը ստանալու համար:
Ապշել կարելի է, թե ինչպես է քաղաքապետարանը տվել այդ թույլտվությունը՝ հակասելով շատ օրենքների ու Երևանի ավագանու կայացրած 18.11.2009թ. հ.36-Ն՝ «Երևանի կանաչ տարածքների պահպանման կարգի մասին» որոշմանը:
Տարօրինակ է, թե ինչ հիմնավորմամբ է տրվել այդ թույլտվությունը, երբ այդ գազոնը հասարարակության սեփականությունն է:
Թույլտվությունը ստացել է սույն թվականի մայիսին, որը տրվել է առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու, ովքեր կտրականապես դեմ են այդ օբյեկտի կառուցմանը: 2014թ. ապրիլի 30-ի ավագանու որոշումը կա այն մասին, որ ցանկացած նման դեպքերում անհրաժեշտ է ունենալ քաղաքացիների համաձայնությունը, իսկ իրենք դրա մասին իրազեկվում են թուլտվությունը տալուց հետո: Վարչական շրջանի ղեկավար պարոն Բաղդասարյանն անձամբ ինձ ասել է, որ քանի դեռ կա նույնիսկ մեկ բողոքող բնակիչ, ինքը այդ շինարարությունը թույլ չի տալու: Սակայն իրենց հովանավորյալ պատգամավոր Արթուր Գևորգյանը, կարծես այլ կարծիքի է և ամեն գնով ուզում է ցույց տալ իր «ուժը»:
Պարոն Մարգարյան, հենց երեկ Ազատամարտիկների 67 հասցեում գտնվող 6 շենքերի ջուր մատակարարող՝ 2013-ին քաղաքապետարանի որոշմամբ 5,9 ք.մ. սեփականաշնորհված պոմպակայանի տարածքի որոշումը Ձեր ներկայացուցիչը բնակիչների բողոքի ժամանակ չեղյալ հայտարարեց, մարդիկ խոր շունչ քաշեցին, ուրախացան, որ իրենց ձայնը վերջապես լսվեց:
Ի՞նչն է խանգարում, որ նման մի որոշում էլ այս դեպքում կայացնեիք ու այս ժողովուրդն էլ այլևս հանգստանար:
Սերժ Սարգսյանը հուլիսյան դեպքերից դասեր քաղելու մասին խոստումներ է տալիս, ընդ որում դասերը քաղելու մասին խոստումն իշխանությանն էր ուղղված, այսինքն նաև՝ Ձեզ: Պետք չեն բանավոր խոստումներ, պետք է լսել ժողովրդին ու արդարացի որոշում կայացնել՝ այս դեպքում չեղյալ հայտարարելով քաղաքապետարանի տված թուլտվությունը:
Մի՛ հրահրեք ժողովրդին, մի՛ արհամարհե՛ք նրան, գործեք օրենքով ու ծառայեք ժողովրդին, միայն այդ պարագայում չեն կրկնվի հուլիսյան մղձավանջային օրերը:
Անահիտ Բախշյան
09.08.2016