«Պավել և Արամ Մանուկյաններին, ինչպես նաև Արմեն Լամբարյանին, ով նույնպես տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, տեսակցել եմ կիրակի օրը: Իմ պաշտպանյալների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, Արմեն Լամբարյանի վիճակն ավելի ծանր է, քանի որ վերջինն ավելի երկար էր մնացել վերակենդանացման բաժնում, ուներ թոքերի խնդիր»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ Պավել Մանուկյանը և Արմեն Լամբարյանն արցախյան պատերազմի մասնակից են և երկրորդ խմբի հաշմանդամ:

Նա նշել է, որ ուրբաթ օրը «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների կողմից կարեր են դրվել Պավել և Արամ Մանուկյանների ոտքերի վնասված հատվածներում, սակայն մի մասը շարունակում է բաց մնալ, այդ իսկ պատճառով կրկին վիրահատության անհրաժեշտություն կա: «Խնդիրն այն է, որ վիրաբուժական միջամտությունները կատարվում են Դատապարտյալների հիվանդանոցում, այնինչ պետք է իմ պաշտպանյալները տեղափոխվեին քաղաքային հիվանդանոց, այդ պահանջը մինչ օրս չի բավարարվում»,- մտահոգվել է պաշտպանը` մանրամասնելով, որ վարույթն իրականացնող մարմինն Արամ Մանուկյանի մասով ուղարկել էր միջնորդության մերժում` պատճառաբանելով, որ դա ՔԿՀ-ների խնդիրն է և իրենց լուծելու հարցը: «Եթե իրենք չունեն համապատասխան միջոցներ, բժիշկներ, իրենք պետք է այդ հարցը կարգավորեն, մինչդեռ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկները, ինչպես նաև քրեակատարողական վարչությունը հարցի լուծումն անընդհատ հետաձգում է` փորձելով այն կարգավորել այլ կերպ, այն է` Էրեբունի ԲԿ բժիշկներին հրավիրելով դատապարտյալների հիվանդանոց:

Ես որպես պաշտպան, գտնում եմ, որ դա հարցի լուծում չի: Եթե անձը համարվում է Էրեբունի ԲԿ-ի հիվանդ, այնտեղ վիրահատված է, հետվիրահատկան բուժումը, բնականաբար, պետք է անցնի նույն հիմնարկում»,- ասել է Ինեսա Պետրոսյանը` հավելելով, որ դատապարտյալների հիվանդանոցում այս պահին վեց ծանր հիվանդ կա: