«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է.
«Դեռևս 60-70-ականներին ամերիկացի հոգեբանները խորհուրդ էին տալիս չդիտել հեռուստատեսային նորությունները՝ արդարացիորեն կարծելով, որ եթե ինչ-որ մի լուրջ բան պատահի, դուք, միևնույն է՝ մի տեղից դրա մասին կիմանաք։ Պատճառաբանությունն այն էր, որ լուրեր սարքողները, բնականաբար, նպատակ ունեն դրանք վաճառելու։ Իսկ ո՞ր լուրերն առավել լայն սպառում ունեն ՝ իհարկե, այն լուրերը, որոնք պատմում են որևէ աղետի, որևէ չարիքի, որևէ մեկի դժբախտ կյանքի մասին։ Ընդհանուր առմամբ, ընդունելի խորհուրդ է, և ես դրան անպայման կհետևեի, եթե այլ գործով զբաղվեի։
Դա առավել ևս ճիշտ է այսօր, երբ հեռուստատեսային դարաշրջանն ավարտվել է, և սկսվել է համացանցի դարաշրջանը, և լուրի, կարծիքի, վերլուծության հանդեպ պատասխանատվությունը պակասել է մի քանի տասնյակ անգամ։ Ֆեյսբուքյան ժողովուրդը նստել է «լայքերի» և մեկնաբանությունների ասեղի վրա, և միջին վիճակագրական օգտատերն իրեն շատ վատ է գգում, երբ, ասենք, 10 րոպե որևէ ծանուցում չի ստանում, և տագնապի մեջ է ընկնում՝ «վայ, ուրեմն ինձ մոռացել են, արի մի բան էլ գրեմ, մի բան էլ մեկնաբանեմ, գուցե ստացվի մի քանի ծանուցում ստանամ»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: