«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ այսօր Դավիթ Սանասարյանի փաստաբանի միջոցով նախաձեռնությունը գրություն է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Դավիթ Սանասարյանից, որն էլ իր խնդրանքով ներկայացվում է հրապարակման: Գրության մեջ ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, նախ ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ անկոտրում եք և հանուն Հայաստանի Հանրապետության ձեր պայքարը երբեք չեք դադարեցնի։ Մեր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներն ավելի են հիմնավորում այն հանգամանքը, որ Հայաստանն արագ փոփոխությունների կարիք ունի, և մենք դրան հասնելու ենք միասնական և տևական պայքարի շնորհիվ։

Թեկուզ զրկված եմ ազատությունից, բայց հիմա առավել, քան երբեք հասկանում եմ ազատության արժեքը, որն ինձ տալիս է նպատակասլացություն, ամրություն, կամք, սեր և հավատ, և վաղ թե ուշ միասին կերտելու ենք ազատ, անկախ և իր զավակներին հետ կանչող Հայաստան։ Թեև քաղբանտարկյալ ընկերներիցս լուր չունեմ, բայց վստահ եմ, որ իրենք էլ ամուր են ու վճռական։

Սիրելի՛ ընկերներ, փաստաբաններս տեղեկացրել են, որ մտահոգված եք առողջական վիճակովս, ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ բուժման և հետազոտության փուլում եմ և օր-օրի ինձ լավ եմ զգում, չնայած դեռ սուր գլխացավեր ունեմ, որոնք կարծում եմ հուլիսի 18-ին կարմիր բերետավորների կողմից խոշտանգումների և նրանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքն են։

Ցանկանում եմ տեղեկացնել նաև մեկ հաճելի անակնկալի մասին, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմի կողմից արժանանում եմ բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունքի։ Հուսով եմ, որ նույն վերաբերմունքին արժանանում են նաև մյուս ընկերներս և, ընդհանրապես, կալանավորված անձիք։ Տեղեկացնեմ նաև, որ խցակիցներս կարգին մարդիկ են, և այս հանգամանքի շնորհիվ ավելի թեթև եմ տանում ապօրինի ազատազրկումս։

Վերջին տարիներին քիչ ժամանակ եմ ունեցել կարդալու, կրթվելու, շախմատ խաղալու և, ընդհանրապես, մտորելու համար, և հիմա այդ բացը լրացնում եմ կալանավայրում։ Ժամանակս օգտագործում եմ արդյունավետ և ազատվելու եմ առավել պատրաստված, հետագա պայքարներում փորձելու եմ առավել արդյունավետ մասնակցություն ունենալ։

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին չընկճվեցին, ովքեր նախատեսեցին «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը և օրուգիշեր անում են ամեն քայլ, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին կանգնած են ընտանիքիս անդամների կողքին։ Լավ եղեք, պինդ եղեք, կհանդիպենք շուտով։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։