asparez.com-ը գրում է. «Ամոթ է, որ արդարության համար պայքարող ժողովրդի կողքին կանգնած քահանային նման պատժամիջոցի են ենթարկում»
Ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի հայաստանյան հանրահավաքներից և ցույցերի բացի բողոքի և պահանջատիրական հավաքներ եղան նաև սփյուռքահայերի կողմից: Հուլիսի 29-ի դեպքերից հետո խաղաղ ցույցեր են կազմակերպել նաև հոլանդահայերը: Վերջիններիս խաղաղ հավաքները դուր չեն եկել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին:
-Դեսպանը, ՀՀ իշխանությունների սովորության համաձայն, սպառնալիքներ է հնչեցնում: Ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել և հրահանգել է դադարեցնել ցույցերը: Տեղի ոստիկանները, իշխանությունները մեզ ոչ մի բան չասացին, իսկ իրեն դուր չեկավ մեր քայլը,-«Ասպարեզ»-ի հետ զրույցում նշեց ցույցի մասնակից Գոռ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դեսպանը փորձել է նրանց անհիմն մեղադրանքներ առաջադրել և սպառնալ, որ կդիմի ոստիկանություն,-դեսպանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր իշխանավոր, շատ անբարեհամբույր վերաբերմունք ցույց տվեց: Նա տրամադրված էր այն բանին, որ մենք պետք է իրեն ենթարկվենք, բայց մենք ասացինք, որ նման բան չի լինելու, մենք պայքարելու ենք: Նա մեզ մեղադրեց, որ դեսպանատան դռան վրա քերծեր ենք առաջացրել: Մեզ մեղադրում է վանդալիզմի մեջ: Առաջարկեցինք քրեական գործ հարուցել, բայց նա ասաց, որ ուզում է մարդկայնորեն լուծել այս հարցը, իսկ ես իրեն փոխանցեցի՝ մարդկությունը և իշխանությունը միմյանց հակասող երևույթներ են: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ մեր իշխանությունները հեռու են սեփական ժողովրդից, նրանք հայ ժողովրդին չեն սիրում,-ավելացրեց նա:
Ամստերդամում կազմակերպված ցույցի մասնակիցներին զայրացրել է նաև այն, որ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ է անվանել:
-Իր հետ հանդիպման ժամանակ ես դեսպանին ասացի, որ «Սասնա ծռերի» տղաները հերոսներ են, ինքը հակադարձեց` ասելով, որ հանցագործներ և ահաբեկիչներ են… Հանցագործները Բաղրամյան 26-ում են: Հանցագործները իշխանություններն են, ովքեր ի վերջո պատասխան են տալու քաղբանտարկյալների, մարտի մեկի և այլ հանցագործությունների համար: Սերժի շրջապատը պետք է հասկանա, որ եթե մենք դուրս ենք եկել տիրոջ դեմ, ապա պատրաստ ենք նաև պայքարել տիրոջ շների դեմ,-հավելում են հոլանդահայերը:
-Նա ասաց` «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին: Սա է մեր դեսպանի իրական դեմքը: Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը,-ասում է Ալիսա Մովսեսյանը:
Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաև տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից:
-Նա եկել և խոսում էր ազատությունից, արդարությունից, հարգանքից, հայրենասիրությունից և սիրուց: Ես խոսեցի տեր Արմենի հետ, և նա հաստատեց, որ իրեն արգելել են, որ Եվրոպայում շարունակի իր հովվությունը: Սա անընդունելի որոշում է: Ամոթ է, որ արդարության համար պայքարող ժողովրդի կողքին կանգնած քահանային նման պատժամիջոցի են ենթարկում: Սա վերևից ճնշում է: Մենք պայքարելու ենք, կանգնելու ենք նրա կողքին: Սա ազատ երկիր է: Սերժ Սարգսյանը թող չփորձի իր ձեռքը Հայաստանից հասցնել այստեղ և ճնշում գործադրի մեզ վրա,-ասում է ինքնաբուխ ցույցի մասնակից Ալիսա Մովսեսյանը:
-Սա ևս մեկ անգամ փաստում է, որ եկեղեցու վերնախավը բացահայտ սատարում է Հայաստանում տեղի ունեցող անօրինականություններին, որոնք իրականացնում են իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսպես շարունակելով` նրանք կրակի վրա յուղ են լցնում,-ասում է Էդգար Չոփիկյանը:
Հոլանդահայերը մեզ հետ զրույցում նշեցին, որ Սերժ Սարգսյանի և դեսպանի ճնշումներին չեն ենթարկվելու և առաջիկայում ներակայնալու են նոր նախաձեռնություններով:
-Տեսնելով Հայաստանի իշխանության քայլերը և տեղի դեսպանատան բռնած դիրքը մեր նկատմամբ` մենք հանգիստ չենք նստելու: Հարկ եղած դեպքում կդիմենք Հոլանդիայի իշխանություններին,-ասում է պայքարի մասնակիցներից Նարեկ Փարփարյանն ու շարունակում,-դեսպանը իշխանության մի օղակն է: Մեզ ասում է` դուք սփյուռք եք, ի՞նչ գործ ունեք Հայաստանում կատարվող դեպքերի հետ, թող իրենք մտածեն: Այսպես արհեստական տարանջատում են Հայաստան, Արցախ, Սփյուռք, և մեզ միայն հիշում են այն ժամանակ, երբ գումար է հարկավոր, և իրենց հաշվեհամարներն են տալիս: Մենք չունենք արտաքին գործերի, արդարադատության նախարարություններ, միայն նկարչության մրցույթ է լինում, որ սփյուռքի նախարարությունը մեզ հիշի,-ասում է Ալիսա Մովսեսյանը:
Հոլանդահայերը նաև նշում են, որ ցույցերի օրերին, ինչպես նաև հիմա, Հոլանդիայից Հայաստան մեկողների մուտքը արգելում են արհեստական եղանակներով: Կարծում են, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են գալ, միանալ մայրաքաղաքի ցուցարարներին: