«Մանկական Նոր ալիք-2016»- ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում և գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»- ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» և “Uptown Funk” երգերը:
Փոքրիկ Միշան մրցույթի ընթացքն ու ստացած տպավորությունները դեռ երկար կհիշի, քանի որ այն իր մասնակցությամբ առաջին միջազգային մրցույթն էր: Միշան մրցույթի շրջանակում իր եզրափակիչ շնորհակալական խոսքում բոլորին հրավիրել է իր հայրենիք: «Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետև ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան և Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերեր եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- նշում է Միշան:
«Արցախի ձայներ» նախագծի հիմադիր-ղեկավար, պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` Միշան իրեն լավագույնս է դրսևորել մրցույթի շրջանակում: «Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր, նրանով հիանում էին, զարմանում, երբ իմանում էին, որ նա մասնակիցներից ամենափոքրն է: Բացի մրցանակային հորիզոնական գրավելուց, մի շարք հրավերներ և համագործակցության առաջարկներ ենք ստացել, որոնց մասին այժմ դեռ վաղ է բարձրաձայնելը:
Թե դրանք ինչ ընթացք կունենան, ժամանակը ցույց կտա»,- նշում է Լիրա Քոչարյանը: Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»- ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն: Եթերի հեռարձակման մանրամասների մասին կհաղորդվի հավելյալ: