«ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին խոշոր գումարներ հատկացնելու շուրջ։ Այդ գումարները նախատեսված են տարածքների հանձնումից հետո ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման համար։ Այսինքն ԼՂ հակամարտության շուրջ որոշակի համաձայնությունների գալուց հետո, երբ տարածքների վերահսկողությունը մի կողմից կանցնի մյուս կողմին, այդ տարածքներում մեծածավալ աշխատանքներ պետք Է իրականացվեն։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այդ խորհրդակցությունները այս պահին անց են կացվում բավականին ցածր մակարդակով և ունեն ընդամենը նախնական հաշվարկներ անելու նպատակ։ Այդուհանդերձ, դա ազդանշան է այն մասին, որ ԼՂ հակամարտության շուրջ էական զարգացումներ են տեղի ունենում։
Թե ինչ գումարի մասին կարող է խոսք գնալ, մեր աղբյուրները չեն նշում, սակայն համոզված են, որ սկզբնական փուլում երեք կողմերին տրամադրվելիք ընդհանուր ծավալը կարող է լինել մի քանի հարյուր միլիոն դոլար, իսկ հետագայում գերազանցել մեկ միլիարդ դոլարը։ Այս իրավիճակը, մեր աղբյուրների պնդմամբ, առաջին անգամ չէ, որ ստեղծվում է։ Նախկինում էլ նմանատիպ խորհրդակցություններ եղել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչների միջև, մասնավորապես հակամարտության կարգավորման պայմանականորեն ասված «Քիուեսթյան» ժամանակահատվածում։ Սակայն դա բավական կարճ տևեց. այդ ժամանակ կողմերը չպահեցին ձեռք բերված պայմանավորվածությունները և հակամարտության լուծման գործնական քայլեր չիրականացվեցին»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: