Վերջին օրերին համացանցը ողողված է Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանի տան լուսանկարներով։ Տարատեսակ կարծիքներ են հնչում հարցի շուրջ, շատ են քննարկումներն ու արձագանքները։ Այս պահին Ռիոյում գտնվող մարզիկը, MAMUL.am-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում, մեկնաբանեց ստեղծված իրավիճակը՝ հորդորելով դադարեցնել ամեն տեսակի քննարկումները․
«Սա իմ անձնական խնդիրն է, ոչ մեկի գործը չէ։ Ես ոչ մի բարերարի կարիք չունեմ։ Ինձ բնակարան են առաջարկել, ես հրաժարվել եմ։ Տեսել եմ մեկնաբանություններում, որ գրված է «Գոռին օգնելու համար կապվեք ինձ հետ»։ Ոչ մեկի հետ կապվել պետք չէ, ես տեղյակ չեմ ոչ մի բանից։ Այս ամենն առանց իմ իմացության է արվել։ Ես դեմ եմ որևէ նյութերի հրապարակմանը։ Դա ոչ մեկի գործը չէ, իմ անձնական խնդիրն է ու ես որևէ մեկի օգնության կարիքը չունեմ։ Ես մեծ ու հասուն տղամարդ եմ, վաղն ամեն ինչ ինքս եմ անելու իմ ընտանիքի համար։ Ոչ մի բան պետք չէ ինձ նվիրել, կամ որևէ բարեգործություն անել ինձ համար։ Թող ոչ մեկը չանդրադառնա այս թեմային։ Ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ դուր է գալիս։ Դա ոչ մեկին չի վերաբերում, դա իմ անձնականն է»,- նշեց Գոռը։
Մինասյանն ավելացրեց նաև, որ չի ցանկանում իր տան լուսանկարները մնան համացանցում․ «Բոլոր լրատվամիջոցներին խնդրում եմ անօրինական կերպով արված լուսանկարները հեռացնել համացանցից»,- եզրափակեց Գոռը։