«Ավարտվեցին XXXI-րդ Օլիմպիական խաղերը: Չեմ կարողանում կողմնորոշվել ինչից սկսել, բայց առաջինն ինչ կուզեի ասել, դա խորհին շնորհակալությունն է բոլոր այն մարդկանց, որոնք չխուսափեցին Ռիո-2016-ի եզրափակչում իմ գոտեմարտի շուրջ կարծիք հայտնել:
Շնորհակալ եմ ձեր ահռելի աջակցության համար: Շնորհակալ եմ, որ հենց սկզբից ինձ հետ էիք և հիմա էլ շարունակում եք լինել: Իմ ազգի կողմից ահռելի աջակցություն եմ զգում: Նույնը նաև ամբողջ աշխարհի տարբեր ազգությունների ու հավատքի մարդկանց կողմից:
Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվանդան, լսել իր երկրի օրհներգն ու տեսնել իր երկրի դրոշի բարձրացումը. ես բացառություն չեմ: Իմ ողջ կյանքի ընթացքում օլիմպիական այդ բարձրունքի եմ ձգտել: Այդ ծանր ճանապարհի համար ահռելի ուժ է ներդրվել: Ես ապրել ու երազել եմ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության մասին, և այդ երկար սպասված պահը վրա հասավ:
Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Բայց որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, համբերություն ունեցա ոչինչ չձեռնարկել, որովհետև Ռիո-2016-ի սպասումով էի:
Հույս ունեի, որ անարդարությունների ժամանակները վաղ թե ուշ անցյալ կդառնան: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ: Շատ դժվարությունների միջով եմ անցել, իմ հարազատներին 150-ից ավելի օր չեմ տեսել, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: Հյուծիչ մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունն ուղակի գողացվեց…
Միթե՞ ողջ մարզական աշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ինձ. շատերներն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:
Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, որովհետև ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք:
Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին արծաթե մեդալներ նվաճելու առթիվ:
Յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս պայքարում էի ոչ միայն իմ անունի, այլ նաև իմ հայրենիքի ու ընտանիքիս համար, որոնք մինչև վերջ աջակցել են ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը: Իմ հարազատների ցավն ամեն ինչ խլացնում է…
Հ.Գ. Պետք չէ վիրավորել սերբին (Դավոր Շտեֆանեկ), նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Մենք նրա հետ արդեն մեկ ամբողջություն ենք կազմում: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա մտածելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»:
Գրել է Ռիո-2016-ի հունահռոմեական ոճի ըմնբշամարտի 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյանը «В Контакте»-ի իր էջում: