Oգոստոսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված և վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:

Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ:
Պաշտպանի գրասենյակից նաև հայտնում են, որ շարունակվում են պարբերական այցելությունները ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանի անմիջական հսկողությամբ շարունակվում են այնտեղ պահվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման աշխատանքները:

«Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ: Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ»,- փոխանցում են ՄԻՊ գրասենյակից՝ հավելելով, որ 2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: