«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի խորհրդարանի հնաբնակներից է: Պատգամավորի աթոռին նա նստել է բոլորի օրոք` 1995 թվականից սկսած: Եվ ամենակարևորն այն է, որ նա մշտապես եղել է իշխող խմբակցության շարքերում: Օրինակ՝ 1995-ին, երբ նա առաջին անգամ դարձավ պատգամավոր, լինելով անկուսակցական, իշխող Հանրապետություն խմբակցությունում է ընդգրկված եղել:

Հետագայում, երբ 1999-ի մայիսի 30-ի ԱԺ ընտրություններից առաջ երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ-ն, Նաղդալյանն արդեն դարձել էր ՀՀԿ անդամ և պատգամավորական մանդատ ստացել «Միասնություն» դաշինքի կազմում: Հաջորդ խորհրդարանական ընտրություններում ևս նա մշտապես եղել է իշխող ՀՀԿ-ի առաջին շարքերում: ԱԺ փոխնախագահը հանրության շրջանում հայտնի է ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում Հայաստանը վարկաբեկած պաշտոնյա, այլ նաև պետության հաշվին տարեկան մի քանի միլիոն դոլար վաստակող «բիզնես լեդի»:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն երեք պայմանագրով Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն այս տարի 636 միլիոն 272 հազար դրամ արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքների պետական պատվերներ է ստացել: ԱԺ այս փոխնախագահը և նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, մշտապես զբաղեցրել են գործարարության հետ անհամատեղելի պաշտոններ: Բայց դա չի խանգարել, որպեսզի ամուսինները տարեկան հարյուրավոր միլիոն դրամների եկամուտներ ստանան իրենց պատկանող ընկերություններից, որոնք գործում են բացառապես պետական պատվերով ճանապարհաշինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու հաշվին: Իսկ ՀՀ Կառավարության անդամները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ինչ-որ մութ անկյուններում կոռուպցիա են փնտրում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: