«Պարզվում է, որ մեր բանակի զինվորների համար պետական բյուջեի միջոցներով գնվում են սուջուխ, բաստուրմա, վետչինա և այլն։ Համենայն դեպս մեր տրամադրության տակ կա պաշտոնական փաստաթուղթ, որը վկայում է այդ մասին։ Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ, պարզելու, թե ինչ մթերքներ են մատակարարում մեր բանակին «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» և «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, և արդյոք ՊՆ-ում տեղեկություններ ունե՞ն այն մասին, որ այս ընկերությունները կապ ունեն ՀՀ արդեն նախկին դատախազ Գևոոգ Կոստանյանի հետ։ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի ստորագրությամբ ստացված գրավոր պատասխանում նշված է. «... ընկերությունների ղեկավարության հետ նախկին դատախազ Գ. Կոստանյանի փոխկապակցված լինելու մասին ՀՀ ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տիրապետում»։ Ինչ վերաբերում է մթերքներին, ապա, ըստ գրավոր պատասխանի՝ «Էլիտ Պրոդ» ընկերությունը 2016թ. կնքված պայմանագրերի շրջանակներում ՊՆ-ի կարիքների համար մատակարարում է «Ճարպ, սալ, սուջուխ, բաստուրմա, վետչինա, երշիկ»։ Քանակությունների մասին տեղեկատվություն չի տրամադրվել ուստի չենք կարող հաշվարկել, թե մեր զինվորականներին օրական որքան բաստուրմա, սուջուխ ու վետչինա է հասնում»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: