Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու առնչությամբ:
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշել է մերժել «Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը, և նա կշարունակի մնալ անազատության մեջ:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա քաղաքական հետապնդում է.
«Առնվազն մեկ ամիս անազատության մեջ կլինի Անդրիաս Ղուկասյանը, սա քաղաքական հետապնդում է»:
Պաշտպանի խոսքով՝ գործը քննող դատավորը հետաքրքրվել է, թե ազատության մեջ հայտնվելու դեպքում Ղուկասյանը կրկին շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր գործունեությունը:
«Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ շարունակելու է այն, որևէ փոփոխություն չի լինելու»,- ասաց պաշտպանը՝ հիշեցնելով, որ այսօր իր պաշտպանյալի հացադուլի 24-րդ օրն է:
«Նա նաև ելույթ ունեցավ դատարանում՝ ասելով, թե ինչ կարծիք ունի երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նկատելով, որ Անդրիաս Ղուկասյանից վրեժխնդիր են լինում:
Անդրիաս Ղուկասյանը նաև հայտարարությամբ է հանդես եկել.
«Մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն քաղաքացիներին, որոնք հուլիսյան ապստամբության ժամանակ Հայաստանը քրեական ռեժիմից ազատելու պայքարի նժարին դրեցին իրենց կյանքը, առողջությունն ու ազատությունը: Արժանապատիվ գոյության արժանի է այն ժողովուրդը, որը պատրաստ է զոհաբերությունների հանուն ազատության ու արդարության: Հուլիսի 30-ի հանրահավաքն ունեցավ մեծ քաղաքական նշանակություն, որն ազդեց հետագա իրադարձությունների վրա: Վարչախումբը պարտվեց, սակայն ժողովուրդը չկարողացավ ամրագրել իր հաղթանակը, զգացվեց մեր երիտասարդության նախաձեռնողականության պակասը: Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը. եկել է ժամանակը համախմբվելու՝ հանուն մեր երկրի արժանապատիվ ապագայի»,- ասված է հայտարարության մեջ: