«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայանալիք ընտրությունների՝ քաղաքապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն աղմկահարույց միջադեպ է գրանցվել: Օգոստոսի 19-ին Էջմիածնի բնակիչ բնակիչ Կարեն Խաչատրյանը գնացել է Էջմիածնի անձնագրային բաժին՝ տեղեկանք վերցնելու, որպեսզի ներկայացնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածության գրանցման համար, սակայն անձնագրայինից դուրս գալիս նրան քաղաքակիրթ ձևով «առևանգել» են ու խափանել առաջադրման մտադրությունը:

Էջմիածնում շրջող լուրերի համաձայն, «առևանգումը» կազմակերպել են գործող քաղաքապետ, երրորդ անգամ թեկնածության հայտ ներկայացրած Կարեն Գրիգորյանի մարդիկ: Անձնագրայինից դուրս գալիս նրան է մոտեցել Գրիգորյանի մարդկանցից մեկը, որը նաև Կարեն Խաչատրյանի ծանոթն է, ու առաջարկել է նստել իր մեքենան՝ զրուցելու, որից հետո շարժվել են Աշտարակի ձոր:

Կարեն Խաչատրյանին ժամեր շարունակ պահել են և միայն երեկոյան վեցից հետո են թույլ տվել վերադառնալ Էջմիածին, երբ այլևս առաջադրման ժամկետը սպառված է եղել:

Պոտենցիալ թեկնածուն չի դիմել ոստիկանություն: Թե իրականում ինչ սպառնալիքների ազդեցության տակ են պահել, ինչ նպատակով, անհայտ է: Միայն հայտնի է, և կան վկայություններ, որ Խաչատրյանն առաջադրվելու ցանկություն է հայտնել, բայց չի կարողացել այն իրականություն դարձնել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: