Մայիսի 16-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա  Հակոբյանի նախագահությամբ, մերժել է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
 
Հայցվորը դատարան էր դիմել ԿԸՀ-ի` մայիսի 11-ի թիվ 107-Ա որոշումը վերացնելու և Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի կողմից Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ԿԸՀ ներկայացված դիմումի քննարկումը պարտավորեցնելու պահանջով: Դատաքննությունը կայացել էր մայիսի 14-ին:
 
ԿԸՀ-ն մայիսի 11-ի թիվ 107-Ա որոշմամբ մերժել էր Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Լ.Պետրոսյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Որպես հիմնավորում ԿԸՀ-ն նշել էր, որ դիմումը չի կարող համարվել դաշինքի կողմից ներկայացված, քանի որ  դիմումին կից ներկայացված չէ դաշինքի անդամ 4 կուսակցությունների անունից տրված լիազորագիր, այլ ներկայացված է «որևէ տեքստ չպարունակող և դիմումի մաս չկազմող թղթի վրա դաշինքի անդամ կուսակցությունների դրոշմումը՝  կից անհայտ ստորագրություններով»:
 
Հայցվորը, ի հակառակ ԿԸՀ-ի հիմնավորման, գտնում է, որ.  «Ներկայացված դիմումը, պարունակելով և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի լիազորագրի պատճենը, և դաշինքի կուսակցությունների իրավասու պաշտոնատար անձանց ոչ միայն ստորագրությունները, այլև կնիքները, լիովին և կատարելապես բավարարել է վարչական վարույթի համար դիմումին ներկայացվող բոլոր պահանջները»:
 

 

«Փաստինֆո»