«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ Աշտարակում քաղաքապետի գալիք ընտրություններում առաջադրվել է 7 թեկնածու:
Աշտարակի թերթի աղբյուրները պնդում են, որ գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը պաշտոնապես չի հանել թեկնածությունը, բայց չի ցանկանում մասնակցել ընտրություններին: Ըստ նախնական հարցումների՝ քաղաքապետ դառնալու առավել մեծ շանսեր ունեն ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Արշալույս Մեջլումյանը, գործարար Ռազմիկ Տերտերյանը և անկուսակցական Թովմաս Շահվերդյանը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ հաղթողի ամենահավանական թեկնածուն Թովմաս Շահվերդյանն է, քանզի վերջինս ոչ միայն վերոնշյալների մեջ ամենաերիտասարդն է, այլև նրա ընտանիքը բավական ազդեցություն և հարգանք է վայելում քաղաքում: Մասնավորապես, հայրը՝ գործարար Սարգիս Շահվերդյանը, ըստ աշտարակցիների, պատկառելի հեղինակություն ու ազդեցություն ունի մարզում, որն ինքնըստինքյան անդրադառնալու է ընտրական գործընթացի վրա: Չնայած նման կանխատեսումներին՝ չի բացառվում, որ վերջին պահին որոշ թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեն՝ փոխելով ընտրական խճանկարը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: