«Կրթությունը շատ հզոր զենք է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»...
Նոբելյան մրցանակի դափնեկիր աշխարհահռչակ Նելսոն Մանդելայի իմաստուն խոսքերն ուղղված են աշխարհի բոլոր մարդկանց անխտիր, քանզի յուրաքանչյուր ոք ունակ է փոխելու աշխարհը, եթե կարողանա ճիշտ օգտագործել այն հզոր զենքը, որ կոչվում է «Կրթություն»:
Այսօր Սեպտեմբերի 1-ն է՝ ուսումնական տարվա առաջին օրը, այն օրը, երբ ողջ երկրագնդում միլլիոնավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ քայլում են նույն ուղղությամբ, քայլում են այն ճանապարհով, որը տանում է կայացման և ինքնահաստատման:
Մեր նկարահանող խումբն այսօր վաղ առավոտից գտնվում էր Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 197 հիմնական դպրոցի բակում, ուր իշխում էր աննկարագրելի դրական մթնոլորտ: Տատիկներն ու պապիկները, հայրիկներն ու մայրիկները բարի ժպիտներով և անթաքույց հիացմունքով վայելում էին իրենց թոռնիկների և երեխաների երջանկությունը: 197 դպրոցի բակում իսկապես տոն էր. տոն՝ բոլորի համար, որի «մեղավորները» հրեշտակային ճերմակությամբ հագնված նոր սերունդն էր: Կարգով, շարքով, զույգ-զույգ կանգնած աշակերտները սրտի թրթիռով անհամբեր սպասում էին, թե ե՞րբ է բարձրախոսով հայտարարվելու իրենց դասարանի անունը, որպեսզի դասվարի գլխավորությամբ և ծափահարությունների ներքո մտնեին դպրոցի դռնից ներս:
Այդ երանելի պահն իրեն երկար սպասեցնել չտվեց, սակայն դրանից առաջ բակում, տնօրինության և ուսանձնակազմի կողմից կատարված մեծ աշխատանքի շնորհիվ, հնչում էր երգ-երաժշտություն, բեմադրված էին տարատեսակ գեղեցիկ պարեր և հետաքրքիր խաղեր, իսկ վերջում եղավ բազմագույն փայլաթերթիկների հրավառություն:
Ուսումնական տարվա նորամուտը թիվ 197 դպրոցում միանշանակ կարելի է համարել ստացված: Դա էին վկայում ներկա գտնվող բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթի խոսքերը, ովքեր իրենց հիացմունքն ու ջերմ խոսքերը չկարողացան չշռայլել դպրոցի ողջ աշխատակազմի և, հատկապես, տնօրեն Ա. Ավետիսյանի հասցեին, ով ընդամենը մեկ տարվա ընթացքում կարողացավ այնպիսի մեծ և տեսանելի բարեփոխումներ իրականացնել, որ ԿԳՆ-ի կողմից ստացավ մի շարք պատվոգրեր:
Տիկին Ավետիսյանը համեստորեն շնորհակալություն հայտնեց իրեն ուղղված դրական խոսքերի համար և անկեղծորեն փաստեց, որ իր համար ամենամեծ գնահատականն ու գովասանքը իր բազմաթիվ սաների փայլող աչքերն են:
«Ես պարզապես կատարել եմ իմ աշխատանքը, և անչափ ուրախ եմ, որ կարողացել եմ որևէ դրական փոփոխություն անել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Տիկին Ավետիսյանը և հավելեց,- «Բայց իմ ջանքերն անշուշտ ապարդյուն կլինեին, եթե այս դպրոցում հավաքված չլինեին այնպիսի մանկավարժներ և աշխատակիցներ, որոնք կան: Շնորհակալություն եմ հայտնում նրանցից յուրաքանչյուրին և վստահեցնում, որ նույնկերպ շարունակելու դեպքում մեր դպրոցը շատ շուտով կհամալրի մայրաքաղաքի լավագույն դպրոցների շարքը»:
Իսկ մենք վստահ ենք, որ նույնկերպ շարունակելու դեպքում թիվ 197 դպրոցը կհամալրի ոչ միայն մայրաքաղաքի, այլ Հանրապետության լավագույն դպրոցների շարքը, քանի որ այստեղ գերիշխում է արդարությունը, խստությունը, բայց նաև բարությունը, միմյանց օգնելու ցանկությունը, ամեն աշակերտի հանդեպ ցուցաբերած անհատական մոտեցումն ու սրտացավությունը, իսկ այս ամենն, իհարկե, հրաշալի դպրոց ունենալու գլխավոր նախապայմաններն են: