«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀԱՕԿ-ը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն: Այդ դեպքում այլ մրցավարներ ձեռնպահ կմնան մեր մարզիկների նկատմամբ նման քայլ անելու մտքից անգամ: Հակառակ դեպքում մեր մարզիկները պարբերաբար կհայտնվեն «որբի» կարգավիճակում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գևորգ Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարությունը բողոքարկելու մտքից իրենք չեն հրաժարվել: «Թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի զուտ այդ առումով, և մեր քայլերը շատ հստակ կլինեն և շատ կոշտ: Վստահ ասում եմ՝ պետությունը կանգնած է մարզիկի կողքը»,- ասաց նախարարը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: