ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Պոտսդամում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որում, մասնավորապես, նշել է.
«Շնորհակալություն եմ հայտնում նախարար Շտայնմայերին այս կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել` նախապատրաստելով գալիք դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը, որպեսզի Համբուրգում կայանալիք հանդիպումը դառնա մեր միասնական հաջողությունը:
Իհարկե, հաջողությունը չափվում է ոչ թե ընդունված որոշումների սոսկ քանակով, այլ մեր երկխոսության որակով:
Ակնհայտ է, որ ԵԱՀԿ տարածաշրջանի յուրաքանչյուր մարտահրավեր հարկավոր է լուծել երկխոսության միջոցով: Մենք անվերջ կարող ենք բանավիճել այդ երկխոսությունը ձևավորող ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների էության և շրջանակների շուրջ: Այնուամենայնիվ, եթե համաձայնության չգանք մեկ հիմնարար սկզբունքի շուրջ, ապա մեր ջանքերը պարզապես ապարդյուն կլինեն: Խոսքը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի մասին է: Անվերապահ հավատարմությունն ուժի չկիրառման սկզբունքին կենսական է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված և իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և վայրագություններով, այս հակամարտության սոսկ հերթական սրացումը չէր: Դա մարտահրավեր էր ԵԱՀԿ տարածաշրջանի ընդհանուր անվտանգությանն ու կայունությանը: Դա լրջորեն հետ նետեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Ուժի կիրառման նման փորձերը, որպես բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու միջոց, համապատասխան արձագանք չստանալու դեպքում, կարող են հանգեցնել լրջագույն անկայունության` հղի անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար: Հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ` ուժի կիրառումը բացառելու և պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով:
Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հարկավոր է իրագործել այն, ինչն ընդգծվել և համաձայնեցվել էր այս հանդիպումների շրջանակներում` 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի ամբողջական կատարում, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:
ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները նույնական չեն, երբ խոսքը վերաբերում է սկզբունքներին, որոնց հիման վրա այդ հակամարտությունները պետք է կարգավորվեն: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն: Գոյություն ունի մեկ ընդհանուր սկզբունք՝ ուժի չկիրառումը, որին պետք է հետամուտ լինել բոլոր հակամարտությունների պարագայում։
«Կամ այն ձևով, ինչպես մենք ենք ասում, կամ պատերազմ» մոտեցումը տանում է փակուղի: Այս կարգի ձևակերպումներ են հնչում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դիվանագետների կողմից, ովքեր, արհամարհելով ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արված հինգ հայտարարությունները, փորձում են սեփական ընկալումներն ու տեսակետները ներկայացնել որպես հանգուցալուծման միակ ճանապարհ: Երբ անգամ դիվանագետներն են խոսում նման լեզվով, ապա խնդիրն այստեղ ավելին է, քան զուտ կամքի բացակայությունը:
Հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն և հակամարտությունների կառավարման, և դրանց կարգավորման հիմքում: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումը կենսական նշանակություն ունի այս հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց ապահովելու համար:
Հարգելի գործընկերներ,
Սպառազինությունների վերահսկողության արդյունավետ ռեժիմը և դրա լիարժեք իրականացումն առանցքային են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի գործնական կիրառությունն ապահովելու առումով:
Մեծ հետաքրքրությամբ ծանոթացանք ԵԱՀԿ գործող նախագահի՝ օգոստոսի 26-ի հոդվածին, որում առաջարկվում է վերագործարկել սպառազինությունների վերահսկողությունը: Հայաստանը մշտապես համագործակցային անվտանգության բարելավված համաձայնությունների կողմնակից է եղել՝ միտված ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը՝ հիմնված զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա: Հենց այս մոտեցմամբ է Հայաստանը պատրաստվում ներգրավվել Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության ապագային առնչվող քննարկումներում: Հարձակողական սպառազինության ահագնացող տեմպերով կուտակումը և անվերահսկելիությունը պետք է կանխվեն:
Մենք գնահատում ենք Վիեննայի փաստաթղթի արդիականացմանն ուղղված ջանքերը: Բայց նաև պետք է առավել քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու ներկայիս Վիեննայի փաստաթղթի և սպառազինությունների վերահսկողությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների իրականացումը: Մենք բարձրաձայնել ենք Վիեննայի փաստաթղթի առանցքային դրույթների, ներառյալ` զորավարժությունների և տեսչական ստուգումների հայտագրման շարունակական խախտումների մասին:
Մենք մշտապես ընդգծել ենք հակամարտությունների գոտիների բնակչության իրավունքների պաշտպանությունը, ԵԱՀԿ կարողությունների ամրապնդումը նախևառաջ հակամարտությունների դաշտային առաքելություններում, բոլոր երեք հարթություններով վստահության միջոցների ամրապնդումը։ Այս առումով, առաջնային պետք է լինի Վիլնյուսում ընդունված համապատասխան որոշման ամբողջական կիրառումը և դրանից բխող պարտավորությունների կատարումը:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը գերմանական նախագահությանը՝ Համբուրգում նախարարական խորհրդի նախապատրաստման հարցում:
Շնորհակալություն»։