Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։ Այս ծրագիրն իրականացվում է երրորդ տարին «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախորդ երկու տարիներին տեսանյութերի միջոցով ներկայացված էին այն հերոս տղաները, ում շնորհիվ կերտվել են Արցախյան հաղթանակները։
«Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը նշում է, որ պատերազմը չի ավարտվել, և ապրիլին մեր զինծառայողների կյանքի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդի հարձակումն ու ամուր պահել մեր դիրքերը։ «Մենք որոշեցինք «Ճանաչենք մեր հերոսներին» շարքն այս անգամ նվիրել նորօրյա հերոսների հիշատակին։ Պատրաստվել է 100 հոլովակ։ Դրանք այսօրվանից սկսած տեղադրվում են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան էջում»,- ասում է Րաֆֆի Գևորգյանը։
Զոհված տղաների մասին նյութերը, ըստ ՀԿ ղեկավարի, հավաքագրվել են մամուլից, համագործակցելով պաշտպանության նախարարության հետ՝ ճշգրտվել են տեղեկությունները, զինծառայողների սխրանքի պատմությունները, նրանց պարգևատրումները և այլն։
Նախորդ տարիներին պատրաստած հոլովակները տարածվել են սոցիալական ցանցերով, հեռարձակվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից։ Նորօրյա հերոսների մասին պատմությունները նույնպես ծրագրվում է հեռարձակել հեռուստաեթերով։
Րաֆֆի Գևորգյանը նկատում է, որ այս թեման միշտ արդիական է, քանի որ միշտ էլ կարևորագույն խնդիր է հերոսի կերպարի արժևորումը, և որքան էլ ժամանակ անցնի, թե′ նախորդ սերնդի, թե′ մերօրյա հերոսները պետք է փառաբանվեն, և նրանց սխրանքը պետք է իմանա ցանկացած հայ մարդ։