Հրապարակ թերթի ուշադրության կենտրոնում է Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանությունը: Նրան դանակահարած բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, և իրավապահներին դեռ չի հաջողվել հայտնաբերել վերջինիս:

Դեպքի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով:

Թերթը գրում է, որ իրենց հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել դեպքի առթիվ:

Ըստ այդմ` վիճաբանությունը ծագել է երկու օր առաջ` ոստիկանության կողմից առգրավված մեկ բեռնատար փայտի շուրջ:

Անօրինական ճանապարհով անտառից բեռնատարով փայտ են հանել, ինչն իրավապահների և տեսուչի կողմից հայտնաբերվել է:

Ըստ տեղացիների պատմածի` ընդհանրապես, անտառապետն ու տեսուչը հաճախ են վիճել` անտառից ապօրինի կերպով փայտ տանելու թեմայով:

Եվ հերթական անգամ, ըստ նշված վարկածի, բացահայտված ծառահատման ու փայտի տեղափոխման գործընթացը հանգեցրել է վիճաբանության, ապա նաև` դանակահարության:

«Մեր տեղեկություններով,- գրում է թերթը,- այս գործի քննության ընթացքը փորձում են ուղղորդել և տեսուչի վիճակը մեղմել: Եվ սրանում որոշակի դերակատարում ունի Լոռվա բնապահպանական տեսչությունը, որի պետը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի վարորդի եղբայրն է»: