ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Տաշիր քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ անչափահասը դանակահարվել է Տաշիր քաղաքում գտնվող մարզասրահի հարակից դաշտավայրում՝ 2016 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, համաքաղաքացի մեկ այլ անչափահաս բնակչի կողմից։
Քննությամբ պարզվել է անչափահասների վիճաբանության շարժառիթը, դրան ներկա գտնված անձանց ինքնությունը։
Դանակի գործադրմամբ պատճառված հարվածների հետևանքով անչափահասը վնասվածքներ է ստացել որովայնի, կրծքավանդակի, նստատեղի շրջաններին՝ ստամոքսի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի պոչի, որովայնի աջ ուղիղ մկանի վնասումներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Տաշիր քաղաքի բնակիչ, անչափահաս Բ.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 4-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: