Քանաքեռ-Զեյթուն համայնքի Գոգոլի 107 հասցեի դիմաց՝ ճաղերով առանձնացված «բեսետկայում» մի քանի օր է՝ արջի քոթոթ են պահում:
Շաբաթ օրը՝ մեր այցելության պահին նրա վանդակ էին մտնում թաղի երեխաները, անկաշկանդ շփվում հետը: Իսկ քոթոթի բերանից փրփուր էր հոսում:
Փոքրիկները, որոնք խաղում էին նրա հետ, պատմեցին, որ արջի ատամները հանել են, որպեսզի վնաս չտա: Դրա համար էլ բերանի խոռոչը «վիրավոր» է:
Տանտիրուհի Գայանեն պատմեց, որ արջը իրենցը չէ: Ամուսնու ընկերն է խնդրել մի քանի օրով պահել, մինչև վանդակը պատրաստեն, որպեսզի նրան տեղափոխեն:
Քիչ անց Գայանեի ամուսնու հետ եկավ նաև արջի տերը ներկայացող Շանթ Բագրատյանը: Վերջինս, պարզեցինք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ ական Սերգեյ Բագրատյանի որդին է:
Երիտասարդը հավաստեց, որ բոլոր համապատասխան փաստաթղթերն ունեն, արջի գործն էլ ոստիկանությունում է, որովհետև Պարոնյան փողոցում նրան հեռուստատեսության աշխատողները նկատել և նկարահանել էին: Այս անգամ, սակայն, արջը ապաստանել է Գոգոլի 107 հասցեի դիմացը, որպեսզի բժիշկը նրա ատամով զբաղվի: Իսկ արջի ժանիքը, ըստ Շանթ Բագրատյանի, կոտրվել է պատահաբար:
Քոթոթը 7 ամսական է: Թե ինչու են հիվանդ քոթոթին հանրային տարածք տեղափոխել, տերը բացատրեց ժամանակավոր լինելու և բուժվելու հանգամանքով:
Ամբողջությամբ՝ Hetq.am-ի կայքում