«Պարոն Ծառուկյանի այն թեզը, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, ես դա գնահատում եմ այլ կերպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

 Վերջինիս ընկալումները` կապված  Ծառուկյանի ընդդիմություն դառնալ-չդառնալու  հարցի վերաբերյալ, տարբերվում է այլ հասարակական գործիչների մոտեցումներից:

«Ընդդիմությունը ես այսօր ընկալում եմ մեր առօրեական մոտեցումներով,  հայհոյող աղմուկ դնող, այսինքն ոչ մի բան չընդունող, ինչքան վատ, այնքան լավ թեզով առաջնորդվող քաղաքական կառույց է»,- ասաց Հարությունյանն ավելացնելով, որ ինքը կարծում է, որ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ իրենք ընդդիմություն չեն, անհամաձայնություն է վերը թվարկվածների հետ:

Քաղաքական գործչի կարծիքով, մեր հանրապետությունում ընդդիմություն ասվածն այլ դիմագիծ ունի:

Ըստ նրա` ԲՀԿ-ն մի քաղաքական ուժ է, որը չի նույնանում իշխանության հետ, սակայն  ունի հանրային կյանքի ապահովման ուրույն պատկերացումները, որոնք միգուցե առանցքային հարցերում չեն տարբերվում իշխանություններից:

Այսպիսով,  Խոսրով Հարությունյանը գտնում է, որ ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները խոսում է նրա մասին, որ ԲՀԿ-ն իրենց համար մրցակից է:

«Ես դժվարանում եմ հիմա որևէ բան ասել, սակայն հիմա համարում եմ, որ ԲՀԿ-ն մեզ համար քաղաքական առողջ մրցակից է», եզրափակեց Հարությունյանը: