Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: «Առավոտ լուսո»-ի հաղորդավարական կազմին միացել են ևս երկու սիրված հաղորդավարներ: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթեն հաղորդավարներ Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը: Հաղորդավարները նորացված տաղավարից կներկայացնեն մշակութային, կրթական և հասարակական անցուդարձը, կհյուրընկալեն հետաքրքիր անձանց ու կպատմեն կարևոր իրադարձությունների մասին:

Էրիկ Անթառանյանը, որին քաջածանոթ է հայ հեռուստադիտողը, իր հեռուստատեսային գործունեության ընթացքում երբևէ առիթ չի ունեցել աշխատելու առավոտյան եթերի ձևաչափում: «Հիմա միացել եմ «Առավոտ լուսո»-ի թիմին ուղիղ եթերի ռիթմի ակնկալիքով: Չափազանց ուրախ եմ, որ տաղավարում աշխատելու եմ Թինա Խաչատրյանի հետ, որին շուրջ 18 տարի է՝ ճանաչում եմ: Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում փորձելու եմ ներկայացնել նաև լրագրողական պրպտումներս, արդեն՝ տեսանյութերի միջոցով»,- նշում է Էրիկ Անթառանյանը՝ վստահություն հայտնելով, որ առավոտյան եթերի ձևաչափը հնարավորություն կտա վերափոխելու ոչ միայն աշխատանքային, այլև ողջ օրվա գրաֆիկը:

Թինա Խաչատրյանի համար «Առավոտ լուսո»-ն կլինի յուրատեսակ վերադարձ Հանրային հեռուստաընկերություն: Առաջին ալիքի հավատարիմ հեռուստադիտողները, վստահաբար, Թինային կհիշեն «Բոնուս», «Բաց նախագիծ» ծրագրերից, իսկ այժմ՝ 9 տարի ընդմիջումից հետո, նա եթերում օրվա դրական մեկնարկն է ազդարարելու: «Հանրային հեռուստաընկերությունում ինձ լիարժեք ու ներդաշնակ եմ զգում: Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ հեռուստաալիքում աշխատելիս: Երբ բավական երկար դադարից հետո մոտեցա հեռուստաընկերության շենքին, ներսումս սիրուն, հաճելի ու դրական զգացողություններն իրար միախառնվեցին: Առավելագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս ու սիրով սպասում այն րոպեին, երբ հեռուստադիտողներին առաջին անգամ բարի լույս կասեմ»,- ասում է Թինա Խաչատրյանը՝ ուրախությամբ նշելով, որ Էրիկի հետ եթերում աշխատելը հետաքրքիր փորձ կլինի իր համար:

Իսկ ահա «Առավոտ լուսո»-ի հնաբնակներ Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը անհամբերությամբ սպասում են նոր եթերաշրջանի մեկնարկին: Արման Մարգարյանի խոսքերով՝ ամեն առավոտ դրական լիցքեր և առավելագույնս բարձր տրամադրություն եթերից փոխանցելը նույնքան դրական է ազդում նաև իր առօրյայի ու գործունեության վրա. ինչ ցանես, այն էլ կհնձես սկզբունքն է գործում (ծիծաղում է): «Ուրախ եմ, որ մի քանի օրից նորից լինելու եմ եթերում գործընկերներիս հետ: Հուսամ՝ հետաքրքիր թեմաների և ինքնատիպ հյուրերի պակաս չի լինի»,- նշում է Արման Մարգարյանը:

Հերմինե Ստեփանյանի համար էլ յուրաքանչյուր նոր եթերաշրջանի մեկնարկ տարբերվող է և խորհրդանշում է նորի սկիզբ բոլոր ոլորտներում՝ աշխատանքային, ստեղծագործական, ինչու չէ՝ նաև անձնական: «Սիրում եմ «Առավոտ լուսո»-ն, հետաքրքիր ռիթմը, ուղիղ եթերի պարտադրած էքստրեմալ իրավիճակները: Ուրախ եմ, որ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը մեր հեռուստադիտողներին նոր ծրագրով են ներկայանալու, իսկ ընկերներ և կոլեգաներ Էրիկին և Թինային սիրով ասում եմ՝ բարի գալուստ «Առավոտ լուսո»,- նշում է Հերմինե Ստեփանյանը:

«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը:

Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով` սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: «Առավոտ լուսո»-ի ընթացքում հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ, ներկայացնել հայկական ծեսերն ու պարերը, գյուղական առավոտն ու գյուղացու աշխատանքը: Ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալու մեր կողքին ապրող հերոսների ու հայրենիքում նոր կյանք գտած սփյուռքահայ հայրենակիցների հետ, ծանոթանալու քաղաքացու իրավունքներին և հետամուտ լինելու դրանց կիրառմանը: «Առավոտ լուսո»-ի թիմը չի մոռացել նաև ձեր առողջության մասին. «Եթե ցավում է» խորագիրը կրող էջը ձեզ կօգնի անելանելի իրավիճակներում, իսկ «Մթերքի միֆը»՝ վիտամինային սնունդ ընտրելիս:

«Առավոտ լուսո»-ն անակնկալ է պատրաստել նաև փոքրիկների համար. այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր Առաջինի եթերում կլինեն հետաքրքիր, գունագեղ ու ուսուցանող մուլտֆիլմեր:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության 60-րդ հոբելյանական աշնանային եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին, որով և կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետևյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր և ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաև արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով և թարմ գաղափարներով: