«Շատերն անվանում են այն սառեցված հակամարտություն, սակայն, ինչպես տեսնում ենք, հատկապես վերջին ժամանակներում, այն բնավ այդպիսին չէ: Սա շատ ակտիվ հակամարտություն է: Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե որքան վտանգավոր կարող է լինել այն»,- ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ջեյմս Ուորլիքը նշել է, որ երբ մի քանի տարի առաջ ինքն անցավ պաշտոնի, ամենամեծ վտանգը ներկայացնում էին դիպուկահարները, սակայն այսօր իրավիճակն ավելի քան վտանգավոր է, քանի որ տեսնում ենք հրթիռների և այլ ծանր զինատեսակների ներկայություն:
«Կարծում եմ, որ կա ղարաբաղյան հակամարտության սրման ռիսկ՝ ամբողջ ծանր զինատեսակի կիրառմամբ: Կա ոչ միայն սրման վտանգ, այլև սխալ հաշվարկի վտանգ, որը կարող է բերել բացասական հետևանքների:
Այդ իսկ պատճառով հակված չեմ այն անվանելու սառեցված հակամարտություն, ես այն կանվանեի շատ ակտիվ հակամարտություն, որը պահանջում է մեր կողմից մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ նրանք, ովքեր այդ հակամարտությունը համարում են վերահսկվող՝ սխալվում են: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ կարգավորման միջոցը պետք է փնտրել այն շրջանում որտեղ ԱՄՆ-ն Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են աշխատել միասին»,- նշել է նա: