«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը երեկ, ի վերջո, ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Այսպիսով, Կարեն Կարապետյանը Հայաստանի 14-րդ վարչապետն է։ Ընդամենը յոթ ամիս անց՝ 2017 թվականի ապրիլի 2– ին, Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։ Նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո կառավարությունը մեխանիկորեն արձակվում է, և նորընտիր խորհրդարանը ձևավորում է իր կառավարությունը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը։

Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Կարեն Կարապետյանն այլևս չի կարողանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնել, քանի որ կսկսի գործել նոր Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ վարչապետը պատգամավորների պես վերջին չորս տարում պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում և լինի միայն ՀՀ քաղաքացի։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կցանկանա ինքը լինել վարչապետ՝ երկրի գլուխը։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ աշխատելու «պայմանագրի» գործողության ժամկետը լինելու է մեկ տարի յոթ ամիս»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: